Իսրայելի բանակի թիկունքի կառավարման հրամանատար, գեներալ-մայոր Էյալ Այզենբերգը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում արագորեն աճում է նոր պատերազմի հավանականությունը: Այս մասին գրում է Haaretz օրաթերթը:
Գեներալի խոսքերով, այդ հակամարտությունը հավանաբար կուղեկցվի զանգվածային բնաջնջման զենքի կիրառմամբ: Այզենբերգը զգուշացրել է, որ «արաբական գարունը» կարող է վերածվել «ծայրահեղական իսլամի ձմեռով»: Գեներալը հավելել է, որ պաղեստինյան ծայրահեղական խմբավորումներն անցել են նոր տեսակի զենքի:
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության նախարարությունում Այզենբերգի վատատեսությունը չեն կիսում` նշելով, որ նման վտանգ այս պահին չի դիտարկվում: Այս մասին ասել է նախարարության ռազմա-քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ամոս Գիլադը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իսրայելի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են` Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացմամբ, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ միջև մերձավորարևելյան կարգավորման շուրջ եղած խնդիրներով պայմանավորված:







































