«Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարություն տարածեց, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը: «Ավելին՝ բարոյապես, մեղմ ասած, կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, որն այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում՝ որպես ռենտգեն-տեխնիկ, և ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին:
Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի անհանդուրժողականությանը, ապա այդպիսի տեղեկություն տարածողները խստապահանջությունը պարզապես շփոթում են անհանդուրժողականության հետ: Հոդվածի հեղինակը և նախաձեռնողները ավելի լավ կանեին զբաղվեին հանրօգուտ գործունեությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ «Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությունը 1992 թ. Չլդրանի դաշտային հոսպիտալում կատարել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության ներկայիս նախարար Սերգեյ Մովսիսյանը:










































