
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շարլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող խնդիրներ: Ըստ հաղորդագրության, Հայաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության առնչությամբ, իսկ Միշելն էլ հայտնել է տարածաշրջանոում երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու պատրաստակամության մասին: Ինչպես նպաստել երկխոսությանն ու խաղաղությանը, ասել է ՆՍՏՕ նախկին գլխավոր քարտուղար, ներկայումս Ռասմուսեն գլոբալ հիմնադրամի նախագահ Անդրես ֆոգ Ռասմուսենը, որը Հայաստանի կառավարության հրավերով օրեր առաջ գտնվում էր Հայաստանում, եղել է Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ռասմուսենը դրանից հետո մի քանի անգամ ասել է այն մասին, որ Եվրոպան պետք է հստակ ուղերձ փոխանցի Ալիևին, որ նրա ագրեսիվ գործողությունը չի մնա անպատիժ: Շարլ Միշելը պատրա՞ստ է փոխանցել այդ ուղերձն Ալիևին: Այդ դեպքում կլինի խոսուն վկայություն, որ Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է աջակցել ռեգիոնալ խաղաղության հաստատմանը: Առայժմ չկա այդպիսի խոսուն պատրաստակամության գործնական օրինակ: Ավելին, դատելով այն հայտարարություններից, որ Բրյուսելի ձևաչափով հանդիպումների էֆեկտիվության մասին արեց Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Շարլ Միշելի հովանին ավելի շուտ խրախուսում է Ադրբեջանի ապակառուցողականությունը, քան հակառակը:
Այդ առնչությամբ, ի դեպ, հարց է առկա, թե ինչու՞ Հայաստանի զինուժի իբրև թե հրադադարի խախտումների վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունների առնչությամբ որևէ արձագանք չկա ԵՄ դիտորդական առաքելությունից: Հայաստանի ՊՆ պարբերաբար հայտնում է, որ Ադրբեջանը տարածում է ապատեղեկատավություն, թե իբր հայկական զինուժը կրակել է: Բաքուն շարունակում է տարածել: Իսկ ի՞նչ է անում ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչու՞ չի բարձրաձայնում, որ Ադրբեջանը իրականացնում է վտանգավոր ապատեղեկատվություն: ԵՄ լռությունը տարակուսելի է առավել ևս այն պայմաններում, երբ Բաքուն իր տեղեկատվությունը մատուցում է նաև անմիջականորեն այդ առաքելության հիշատակումով, նկատելով, թե Հայաստանն իբրև «օգտվում» է եվրոպացի դիտորդների առկայությունից և այսպես ասած «թաքնվելով» նրանց «հետևում»՝ կրակում է Ադրբեջանի վրա: Ինչու՞ ԵՄ առաքելությունը կամ ԵՄ ղեկավարությունը չի հերքում, չի հայտարարում, որ իրենց դիտորդների հետևում «ոչ ոք չի թաքնվում» և «ոչ ոք չի կրակում»: Սրանք հարցեր են, որոնք Հայաստանի հանրությունը պետք է բարձրաձայնի, որովհետև սահմանային կայունությանը նպաստելու պատրաստակամության հանդեպ լինելով շնորհակալ, Հայաստանի հանրությունն այդուհանդերձ իրավիճակը պետք է դիտարկի միանգամայն ռացիոնալ չափումների վրա: Ըստ այդմ, պետք է հնչեն հարցերը, հատկապես, երբ հնչում է ադրբեջանական ապատեղեկատվությունն ու չի հնչում Եվրոպայի ձայնը: Իսկ այդ ընթացքում, ադրբեջանական դիրքերից հնչած կրակոցից Երասխի հայկական դիրքերում զոհվեց ՀՀ զինուժի ժամկետային զինծառայող: