Իտալիայի խոշորագույն Cgil արհեստակցական միությունը սկսել է մեկօրյա համազգային գործադուլ` բողոքելով կառավարության կողմից իրականացվող կոշտ տնտեսական քաղաքականության դեմ, որն ընդունվել է իշխանությունների կողմից պետական պարտքը կրճատելու համար:
Բողոքի ակցիաներն անց են կացվում ամբողջ երկրի տարածքում, իսկ գործադուլի «սիրտը», ըստ ԶԼՄ-ների, հանդիսանում է Հռոմը: Երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքներում, սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի և տաքսիների երթևեկությունը, հետաձգվել են կամ ուշանում են միջազգային ավիաչվերթները, փակվել են պետական հաստատությունները:Գործադուլը կտևի 8 ժամ,- փոխանցում է ANSA գործակալությունը:
«Մենք պայքարում ենք իշխանությունների անարդարացի և անպատասխանատու քաղաքականության դեմ», – հայտարարել է Cgil-ի ղեկավար Սյուզաննա Կամուսոն: Հուլիսի սկզբին Իտալիայի կառավարությունը հաստատել է բյուջետային միջոցների տնտեսման ծրագիրը, որը նախատեսում է 4 տարվա ընթացքում 47 մլրդ եվրոյով կրճատել ծախսերը:
Իշխանությունների որոշումն առաջացրել է իտալացիների զանգվածային դժգոհությունը, քանի որ բյուջետային միջոցների տնտեսումը նախատեսում է սոցիալական դոտացիաների կրճատում, հարկային ծանրաբեռնվածության բարձրացում և բյուջետային աշխատողների, այդ թվում` բժիշկների և ուսուցիչների աշխատավարձի կրճատում:
Անցյալ շաբաթ իտալական փոքրիկ Ֆիլնետինո քաղաքը հայտարարել է իր անկախության մասին և, որպես բողոք, սկսել է տպագրել իր սեփական դրամական միջոցը: Քաղաքը գտնվում է Հռոմից 100 կմ հեռավորության վրա: Այն ունի 550 բնակիչ: Նոր փոփոխությունների համաձայն՝ այն պետք է միանա հարևան Տրևի քաղաքի հետ:










































