Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը քննարկել են «Կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Սա օրենքի արդեն երրորդ նախագիծն է, որից մեկն առաջին ընթերցմամբ անցել է, մյուսը արդարադատության նախարարությունը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, որտեղից քննադատական կարծիք է եկել։ Հիմա երրորդը նույնպես ուղարկվել է, և, ինչպես նշում է Ստեփան Դաինելյանը, դարձյալ վիճելի կետեր կան:
Ս. Դանիելյանի խոսքերով՝ խնդիրը հետևյալն է. «Հանրապետության գործող նախագահը ասել է, թե ինչ ուզում եք՝ ուղարկեք, միայն եթե խնդիր եղավ միջազգային կառույցների հետ, չի ընդունվի: Հիմա անընդհատ նորն են անում՝ ուղարկում, որ խնդիր չլինի: Լոբբինգը իրականացնում են վարչապետ Տիգրան Սարգսյանը և եկեղեցին: Հիմա երրորդ նախագիծը դարձյալ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որտեղ առկա թերություններ կան`հոգևորսության սահմանման, կրոնական կազմակեպությունների գրանցման և կասեցման կարգի և այլնի հետ կապված»:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բնորոշել է հոգևորսությունը. «Հոգևորսություն է համարվում այն, որ երբ ես փորձում ես որևէ մեկին իմ կրոնի մեջ համոզել առանց իսկ դիմացինի համաձայնության, զանազան հոգեբանական վարչական, նյութական բարոյական միջոցներով ճնշում ես գործադրում: Եթե ես գնամ եզդիական մի համայնք մտնեմ, և փորձեմ քարոզել, սա հոգևորսություն է»: Նրա խոսքերով`հոգևորսությունը պատշաճ կամ անպատշաճ չի լինում:
Ս. Դանիելյանի խոսքերով` Վենետիկի հանձնաժողովը ուշադրություն կդարձնի օրենքի նախագծում առկա «հոգեբանական բռնությանը», քանի որ սա շատ ընդհանուր տարածական բնորոշում է: Բացի այդ, այն կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք և ատելություն կհրահրի: Օրինակ` միանշանակ պետք է արգելվեն Թումանյանի, Լեոյի բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վիրավորանք են տարածում:
Եպիսկոպոսի խոսքերով`աղանդավորական հոսանքների մեծամասնությունը ստեղծված է այդ թշնամանքը հրահրելու համար: «Խոսե՛ք այդ աղանդավորների հետ, տեսեք`ինչ թույն և թարախ են շնչում հայ առաքելական եկեղեցու հանդեպ, որտեղի՞ց այդ, ի՞նչ վատություն է արել այդ մարդուն Հայ առաքելական եկեղեցին, հավին քշա՞ է ասել, և որտեղից Մայր եկեղեցու հանդեպ այդքան ատելություն»: Նա նշել է, որ հայ առաքելական եկեղեցին ազատության սկզբունքով է առաջնորդվում. «Մենք աղանդների դեմ պայքարելու խնդիր չունենք և չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն մեր ժողովրդի հոգևոր անվտանգության, մեր եկեղեցում երբեք պետք չեն պարտադրված հավատացյալներ: Ես պարտադրված հավատացյալներ չեմ սիրում»:
Ըստ Ստեփան Դաինելյանի`նախագծում հաջորդ կետով, որը ևս Վենետիկում խնդիրներ կառաջացնի, ՀՀ տարածքում արգելվում է այն կրոնական միավորումների և կազմակերպությունների գործունեությունը, որոնք փորձում են իրականացնել իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի վերահսկողությունը: Մինչդեռ 50.000 մուսուլման կա Հայաստանում:
Հաջորդ կետը, որը թեև Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ ընդունելի է, բայց դարձյալ հակասական է, այն է`ՀՀ-ում արգելվում է առանց ծնողների համաձայնության կրոնական քարոզչությունը, ցանկացած անչափահասի մոտ չի կարելի կրոնական քարոզներ անել, սակայն մեկ այլ՝ «Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունների մասին» օրենքում կա մի կետ, որով կարելի է պետական կրթական հաստատություններում կատարել քարոզչություն, այսինքն`մի կետում ասվում է ոչ ոք իրավունք չունի, մեկ այլ կետում ասում է իրավունք ունի Հայ առաքելական եկեղեցին մտել դպրոց և քարոզել։ Այսինքն, առկա է հակասություն:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքերով`«Հայ եկեղեցու պատմություն» առարկան կրոնական քարոզչության առարկա է, և հետևաբար ասել, որ առանց ծնողի համաձայնության իրավունք չունի որևէ մեկը դասավանդել, սխալ է, բացի այդ, այդ առարկան աշխարհիկ մարդիկ են դասավանդում. «Որևէ դպրոցում ես չեմ տեսել, որ ծնողը բողոքի`ինչու են դասավանդում այդ առարկան: Անհամաձայնություն կլինի այն դեպքում, երբ որ քահանա կմտնի և ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով կքարոզի»:











































