Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ պետական գերատեսչությունների սեփականությունը հանդիսացող հեռուսատա և ռադիոընկերությունները, ինչպես նաև թերթերը կվաճառվեն: «Հիմա դա անիմաստ գումարների վատնում է: Դրանք ենթակա են վաճառքի, սակայն ժամկետները դեռևս սահմանված չեն», հայտարարել է նա:
Դվորկովիչի կարծիքով, անպայման չէ, որպեսզի բոլոր ակտիվները վաճառվեն մեկ ամսվա ընթացքում:
Այսօր պետական սեփականության մասին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում խոսել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն ասել է, թե պետական մարմինները չպետք է որպես սեփականություն ունենան «թերթեր, գործարաններ, նավեր»: Նախագահի կարծիքով, պետական մարմիններին պետք է պատկանի միայն այնպիսի սեփականություն, որն անհրաժեշտ է նրանց գործունեության իրականացման համար: «Համապատասխան որոշումներ պետք է կայացվեն թե՛ տարածաշրջանային, թե՛ տեղական մակարդակով», ասել է Մեդվեդևը: