Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է դառնա նախկին ԽՍՀՄ տարածքում հիմնական խաղաղապահը, սակայն նաև պետք է համագործակցի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Այս մասին ասվում է ՀԱՊԿ բարեփոխումների ծրագրում, որին անդրադարձել է Коммерсант-ը:
Թերթը գրում է, որ ՀԱՊԿ-ի բարեփոխումների խնդրին նախագահ Մեդվեդևն անդրադառնալու է Յարոսլավլում կայանալիք միջազգային քաղաքական համաժողովի ընթացքում: Ռուսական կողմն այս բարեփոխումների ծրագիրն առաջ է քաշել արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև 2014 թ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման ֆոնի վրա, ինչը թույլ կտա ավելի լավ պաշտպանել Մոսկվայի շահերը նախկին ԽՍՀՄ տարածքում:
Մեդվեդևի առաջարկած երեք առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման փոփոխությունը (ՌԴ-ն առաջարկում է որոշում ընդունել ձայների մեծամասնությամբ, այլ ոչ թե կոնսենսուսով), հարաբերությունների հաստատումը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև այն հիմնական կազմակերպություն դառնալը, որը խաղաղապահ գործունեություն կիրականացնի Կենտրոնական Ասիայում և հարակից շրջաններում:








































