
Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:
Տուժած երեխաները և դպրոցի աշխատակիցներն առաջին բուժօգնությունը ստանում են Կապանի բժշկական կենտրոնում:
«Լուրերի» հետ զրույցում ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ հերթափոխի պետ Գարի Արմաղանյանը տեղեկացրել է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ Կապան քաղաքից և ազգային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Կանչի վայր են հասել, պարզվել է, որ Նորաշենիկ համայնքի մոտ գետն է շրջվել դպրոցական ավտոբուս: Ավտոբուսում հիմնականում երեխաներ էին, կային նաև մեծահասակներ՝ դպրոցի աշխատակիցներ: Հատուկ տեխնիկայի օգտագործմամբ փրկարարներն ավտոբուսը դուրս են բերել գետից: Օխտար համայնքի դպրոցական ավտոբուսն է»,- հայտնել է Արմաղանյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ նախնական տվյալներով կա 21 տուժած։