Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ երկրների արտգործնախարարները սեպտեմբերի 3-ին Սոպոտայում քննարկել են այն հարցերը, որոնք ընդունվելու են սեպտեմբերի 30-ին Վարշավայում տեղի ունենալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
Լեհ դիվանագետները ձգտում են այդ ծրագրում ներառված երկրների համար ապահովել ԵՄ-ին անդամակցելու հեռանկար՝ հենվելով ԵՄ Սահմանադրության սկզբունքների վրա, որոնցում նշված է, որ ԵՄ դռները բաց են բոլոր եվրոպական երկրների համար, եթե նրանք պահպանում են այդ սկզբունքներն ու եվրոպական արժեքները։
Լեհաստանը նաև ցանկանում է, որ «Արևելյան գործընկերության» ներկայիս նպատակը, այսինքն՝ ԵՄ-ի ու նրա գործընկերների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելը փոխարինվի առավել հավակնոտ խոստմամբ, ինչը կարող է լինել լիարժեք տնտեսական ինտեգրումը, ինչպես Նորվեգիայի կամ Շվեյցարիայի պարագայում է։
Իսկ անցագրային ռեժիմի երկարատև ու պայմանական ազատականացման փոխարեն, կարելի է հայտարարել անցագրային ռեժիմի լիովին վերացման մասին՝ պայմանով, որ երկրները կպահպանեն սահմանների անցման կամ փաստաթղթերի և միգրացիոն հոսքերի չափանիշները։
Նշվում է, որ Ֆրանսիան դեմ է այս ամենին։
Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը միտված է նրան, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան է՛լ ավելի մերձենան ԵՄ-ին:
Թեև այն չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, այնուամենայնիվ, նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում կայացած ԵՄ գագաթնաժողովում:











































