Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելում գտնվող թուրք զբոսաշրջիկները տուն վերադառնալիս վիրավորական վերաբերմունքի են արժանացել։ Հանգստյան օրերին Իսրայել մեկնած թուրք զբոսաշրջիկներին Թել Ավիվի օդանավակայանում ստուգման ժամանակ ստիպել են ամբողջովին մերկանալ։
Թուրք զբոսաշրջիկներից մեկը պատմել է. «Ինձ իմ ընկերների հետ առանձնացրին մնացյալ խմբից և ստիպեցին սպասել։ Նրանք պահանջեցին ամբողջական տեղեկատվություն տրամադրել մեր մասին՝ ընդհուպ մինչև էլեկտրոնային փոստը, բջջային հեռախոսի համարը, ընտանեկան դրությունը, ընտանիքի անդամների քանակը։
Մեր բեռները ստուգման են ենթարկվել մի քանի անգամ։ Ապա մեզ տարան հատուկ սենյակ և ստիպեցին հանել ամեն ինչ։ Ստուգումն իրականացրին ձեռքով ու դետեկտորով։ Ես հրաժարվում էի մերկանալ՝ ընդգծելով, որ մուսուլման եմ։ Սակայն նրանք բռնի ուժով արեցին դա՝ նշելով, որ հակառակ դեպքում չեմ հայտնվի ինքնաթիռում։
Երբ ես զայրացած դուրս եկա այդ սենյակից, տեսա, որ թրքուհիներին նույնպես տանում են այդպիսի սենյակներ։ Դա ավելի շատ զայրացրեց մեզ։ Այդպիսի վերաբերմունքի արժանացել են միայն թուրքերը։ Դրանով Իսրայելը ցույց տվեց իր յուրօրինակ սիոնիստական վերաբերմունքը»։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի օդանավակայան ժամանած իսրայելցի ուղևորներն անմիջապես հայտնվել են տեղի ոստիկանական բաժանմունքում։











































