«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

Պարոն Հովհաննիսյան, մամուլը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պաշտոնից ազատել պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Որքանո՞վ սա դրսից պարտադրված քայլ է։
Այսօրվա Հայաստանում Դուք ինձ ցույց տվեք որևէ քիչ թե շատ նշանակալի քայլ կամ գործընթաց, որը դրսի ուժերի կողմից պարտադրված կամ հրահրված չլինի, և ես կասեմ, որ Ձեր հարցը իմաստազուրկ չէ: Այդուհանդերձ կպատասխանեմ: Իլհամ Ալիևը Արցախում արդեն խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ, բայց խնդիրներ ունի Մոսկվայի հետ, քանզի պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան զինվորականությունը ստիպված էր հեռանալ Արցախից, իսկ նրա փոխարեն այնտեղ հայտնվեց ռուսական զինվորականությունը: Արայիկ Հարությունյանը Փաշինյանի դրածոն է՝ մարդ, որը Մոսկվայի համար խորթ է, իսկ Ռուբեն Վարդանյանը ռուսատանյան վերնախավի համար, Լուկաշենկոյի բառերով ասած, «նաշ չելովեկ» է: Այո, Իլհամ Ալիևի նման ռուսատանյան ջրերում կոփված և այնտեղի խաղի կանոններին ծանոթ անձնավորություն է: Իլհամը հո լավ գիտի, որ պատերազմում հաջողվեց մեր բանակին պարտության մատնել, որովհետև մինչ այդ նրան հաջողվել էր իր Գոդ Նիսանովով, Միխաիլ Գուսմանով, Բյուլ-Բյուլ Օղլիով, Վագիֆ Ալեկպերովով և մյուսներով առավելության հասնել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի, Կարեն Կարապետյանի, Մոսկվայում մեր ապիկար և թամբալ դեսպանների նկատմամբ:
Ռուբեն Վարդանյանն այդ ժամանակ քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում և սկսեց ցուցաբերել քաղաքական հավակնություններ միայն այն ժամանակ, երբ Մոսկվայում ստիպված էին հաշտվել այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը ոչ մի շանս չունեն վերադառնալու իշխանության: Ինչու՞ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արա Աբրահամյանից, որևէ ակտիվություն չցուցաբերեց 2021 թվականի արտահերթ ընտրություններին: Որովհետև նրան հրահանգել էին չխանգառել Քոչարյանին ու Սերժիկին. Մոսկվան այն ժամանակ հույս ուներ, որ ղարաբաղյան զույգը պատերազմում Հայաստանի պարտությունից հետո բոլոր հնարավորություններն ունի վերադառնալու իշխանության: Ռուբեն Վարդանյանին պահել էին որպես իրենց պատկերացմամբ քիչ հավանական ֆորրս-մաժորային պահեստային տարբերակ: Կյանքը ցույց տվեց, որ այդ տարբերակը պահանջված էր և Ռուբեն Վարդանյանն առաջիկայում փորձելու է ստանձնել հայկական Իվանիշվիլիի դերը: Բայց հարց է առաջանում. Եթե Փաշինյանին առ այսօր չի հաջողվել դառնալ հայկական Սահակաշվիլի, այդ ինչպե՞ս է Ռուբեն Վարդանյանը մտնելու Բիձինա Իվանիշվիլիի դերի մեջ: Սա է հարցերի հարցը:
Ինչ զարգացումներ են հնարավոր։ Արդյոք Վարդանյանը Հայաստանում քաղաքական հայտ կներկայացնի, թե՞ արցախյան փորձից հետո ընդմիջում կվերցնի:
Ոչ մի ընդմիջում չի վերցնի, այլ կփորձի ներկայանալ Իլհամ Ալիևի զոհի կերպարով, ով պատրաստ էր իր միջոցները ծառայեցնել արցախյան գոյամարտին, գնալ ինքնազոհության, բայց ում դավաճանեցին, դավադրաբար հարվածեցին թիկունքից, փորձեցին շարքից հանել: Պետք է հասկանալ, որ Ռուբեն Վարդանյանի համար Արցախը ոչ այլ ինչ էր, քան հայաստանյան քաղաքական Օլիմպոսում հայտնվելու համար անհրաժեշտ ցացկատախտակ: Նա այդ ցացկատախտակն օգտագործելու մտադրությունը բացահայտեց, երբ հրավիրեց Մանե Թանդիլյանին, ով Արցախում գոստրոլյոր նախարարի տարազը մինչ այդ արդեն փորձարկել էր իր վրա, հանդես գալ իր միջոցներով ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի դերում:
Պարոն Հովհաննիսյան, արդյոք Ռուսաստանի նմանատիպ սցենարի դեպքում Վարդանյանը կարո՞ղ է հաջողել։ Հայաստանում ով պետք է աջակցի նրան: Սա Ձեր գրառման հետ կապված:
Ներկայիս ծանր սոցիալական պայմաններում միլիարդատեր մարդը միշտ էլ կարող է աջակիցներ գտնել: Եթե ժամանակին իմ քաղաքական տեխնոլոգիայի օգտագործման արդյունքում ստեղծված «հրաշալի քառյակի» միջոցով Գագիկ Ծառուկյանը կամ Սերժիկ Սարգսյանի բնութագրմամբ Դոդի Գագոն մի մազաչափի հեռավորության վրա էր Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացնելուց և միայն իր խայտառակ վախկոտության պատճառով 2015 թվականին ձեռքից բաց թողեց նախագահի աթոռին տիրանալու հարյուր տոկոսանոց հնարավորությունը, ապա միթե կրթված և միջազգային մեծ կապեր ունեցող Ռուբեն Վարդանյանը, ով անհամեմատ ավելի «հարմար մատերիալ է» երկրի ղեկավարի աթոռին տիրանալու համար, չի կարող հասունացնել նմանատիպ մի իրավիճակ և ի շնորհիվ սեփական խիզախության և համառության նվաճել քաղաքական Օլիմպոսը: Այն որ Ռուբեն Վարդանյանը այդ խիզախությունն ու համառությունն ունի ցույց տվեց նրա գործունեությունն Արցախում: Ո՜չ Ռոբերտ Քոչարյանը, ո՜չ Սերժ Սարգսյանը ռիսկ չարեցին վերադառնալ Արցախ և փորձել արցախյան գոյապայքարի բովում վերագտնել կորսված քաղաքական հեղինակությունը: Ռուբեն Վարդանյանն այդ «ավանտյուրային» գնաց:
Ինչ վերաբերվում է իմ ֆեյսբուքյան գրառմանը, ապա այն արտացոլում է ռուսատանյան ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի առջև ծառացած լուրջ մարտահրավերների առկայությունը: Հրավիրում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակ, որտեղ ես պատրաստ եմ նրան պարզաբանել, թե ինչու համաձայն չեմ նրա լավատեսական գնահատականի հետ, որ, իբր, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին դատողությունները չափազանցված են: Հո՞ ճգնաժամը պոզով ու պոչով չէ՝ Լավրովի ու Զախարովայի հաթաթաներով է, և դա պետք է հասկանալ: Այսօր մեր վերնախավում մերկապարանոց հույսեր կան, որ եթե Ռուսատանը չհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այնտեղ կրի պարտություն, ապա կհեռանա Հարավային Կովկասից, կթուլացնի իր ճնշումը Հայաստանի վրա: Սա միամիտ պատկերացում է: Իրականում կարող է լինել հակառակը.Անհաջողության մատնվելով Ուկրաինայում Ռուսաստանն իրեն հատուկ մեթոդներով կձգտի ռևանշի հասնել Կովկասում: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Օսմանյան Թուրքիան պարտության մատնվելով Բալկաններում իր ջանքերը կենտրոնացրեց Արևմտյան Հայաստանը հայաթափելու ուղղությամբ: Պարզվեց, որ զորավար Անդրանիկը և մյուս մեր հայրենասերները, ովքեր կռվում էին Բալկաններում թուրքերի դեմ ու պաշտպանում էին բուլղարներին և մյուս սլավոնական ժողովուրդներին, իրականում մոտեցնում էին Արևմտյան Հայաստանի կործանումը: Այնպես որ պատմության խլուրդը շատ խորը ու ճյուղավոր ուղիներով է փորում, և առանց լուրջ քաղաքագիտական հաշվարկների անհնարին է կռահել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգի փոս է նա Հայաստանի համար նախապատրաստել:










































