«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է համաժողովրդական ապստամբության եզրին:
«Երկխոսությունն ընդհատված է, և Կոնգերսն այլևս ժամանակ չունի այլ քայլ կատարելու և ունի երկու տարբերակ` կամ ղեկավարելու է ընդվզումը, կամ ոչնչանալու է»,- նշեց Մանուչարյանը, հավելելով, որ դժվար է ասել կոնկրետ որ օրը տեղի կունենա համաժողովրդական ընդվզումը, բայց, նրա դիտարկմամբ, ընդվզումը լինելու է սեպտեմբերին. «ՀԱԿ-ը ստիպված է լինել սկսողը, բայց տանողը լինելու է ժողովուրդը»: Մանուչարյանի կարծիքով՝ հայաստանցիների 99,9 տոկոսը պատրաստ է համաժողովրդական ցասման, անգամ՝ օլիգարխները:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ ընդվզումը մարի, եթե իշխանությունը ազատ արձակի Տիգրան Առաքելյանին, Մանուչարյանը նշեց, որ անգամ այդ հանգամանքը չի կարող մարել ընդվզումը: Նա նաև նկատեց, որ թեև Առաքելյանի կալանավորումը ծանր հանգամանք էր ՀԱԿ-ի համար, այնուամենայնիվ երկխոսության առկախում և ընդվզում լինելու էր նաև այն դեպքում, եթե Առաքելյանը չկալանավորվեր:
Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ թեև երկխոսությունն ընթանում էր հայերեն, սակայն անհասկանալի էր, քանզի փողին և իշխանությանը վերաբերող խոսակցությունները «անգլերենով» են արվում: Մանուչարյանը անգլերենից թարգմանեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության հիմնական պահանջը, երբ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ, իսկ իշխանությունը նշում է, թե դրա կարիքը չկա: Ըստ Մանուչարյանի՝ երկխոսության ընթացքում իշխանությունն ասում է, որ չի տա իր հարստությունը, փողը ՀԱԿ-ին, որովհետև մեկ է՝ նրանք են գալու հարստություն դիզեն, իսկ ՀԱԿ-ն էլ խոսք է տալիս, որ նման բան չի անի:
Նկատենք, որ Մանուչարյանը մի առիթով նշել էր, թե երկխոսության կնքահայրը Միացյալ Նահանգներն են: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե առկախման կնքահա՞յրն ով է, ինչին ի պատասխան Աշոտ Մանուչարյանը նշեց, որ երկխոսությունն առկախել է Ռուսաստանը, քանզի այդ գործընթացը դիտել է որպես մի գործիք, որը կասեցնում է իր ազդեցությունը Հայաստանում և հաստատում ԱՄՆ-ի գերակայությունը:











































