Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) վերընտրել է իր առաջնորդին։
ԽԺԿ-ի համագումարի քվեարկությունում հաղթել է Սելահաթթին Դեմիրթաշը՝ հնարավոր 629 քվեներից ստանալով 627-ը։
Նշվում է, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Դեմիրթաշը հրաժարական էր տվել ԽԺԿ նախագահի պաշտոնից, որպեսզի ընտրություններում կարողանա ներկայանալ որպես անկախ թեկնածու։ Պատգամավոր ընտրվելուց հետո Դեմիրթաշն այժմ վերընտրվեց ԽԺԿ կուսակցապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերին Դեմիրթշաը «ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու» մեղադրանքով դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման։ Դրա համար հիմք էր հանդիսացել այն, որ 2006 թվականին Դեմիրթաշը հայտարարել էր, որ «Քրդական հարց»-ի լուծման մեջ պետք է իր ուրույն դերն ունենա Թուրքիայիում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Մարմարա ծովի Իմրալը կղզում։








































