
Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, ՌԴ վարչապետ Միշուստինի հետ Ղազախստանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական ծորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետը: Միշուստինն էլ խոսել է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության ցուցանիշներն աճում են և վարչապետ Փաշինյանին կոչ է արել աշխուժացնել երկկողմ տնտեսական հարաբերությունը, այդ թվում հայկական բիզնես աշխուժությունը Ռուսաստանում: Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսության ոլորտում ամեն ինչ լավ լինելու մասին, պարունակում է թերևս բավականին նուրբ քաղաքական համատեքստ, ընդ որում ոչ մեկ շերտով:
Փաստացի, Փաշինյանն ակնարկում է, որ քաղաքական ոլորտում ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Իսկ դա հատկապես հնչում է այն հայտարարությունների ֆոնին, որ Հայաստանի քաղաքականության, հայ-ադրբեջանական հակամարտության ու պատերազմի վերաբերյալ արել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը և մեծ աղմուկ առաջացրել Հայաստանում, թեև ըստ էության չէր ասել նոր բան, այլ շոշափել էր զգայուն թեմաներ:
Սակայն, բանը լոկ Լավրովը չէ իհարկե, այլ ընդհանրապես ռուսական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ՝ ռեգիոնալ քաղաքականության համատեքստում, ու թե երկկողմ քաղաքականության առումով: Այդ քաղաքականությունը անխուսափելիորեն փոխվելու է համաշխարհային այն վերափոխումների համատեքստում, որ ծավալվում են նաև Ռուսաստանի «նախձեռնությամբ»: Իսկ փոփոխությունը չի լինում առանց վայրիվերումների:
Ոււ լավ է, եթե դրանք սահմանափակվեն միայն քաղաքական ոլորտում անհամաձայնություններով, այդ թվում «աղմկոտ» անհամաձայնություններով, ինչպիսին տեսնում ենք հատկապես ՌԴ արտգործնախարարության առումով: Սա ըստ էության իր մեջ արտացոլում է ոչ միայն և ոչ այնքան հայ-ռուսական, որքան ներռուսական բարդ հարաբերությունների և խմորումների իրողությունը, Ռուսաստանի վերափոխվելիք քաղաքականության դիրքերի համար ներքին պայքարի տրամաբանությունը, որի հավակնորդներից մեկն էլ անշուշտ վարչապետ Միշուստինն է: Ահա այդ առնչությամբ նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը՝ տնտեսության ոլորտում ամեն ինչ լավ լինելու մասին, պարունակում է թերևս շոշափելի քաղաքական ենթատեքստ, արտացոլելով թերևս Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական նախընտրությունը՝ հայ-ռուսական քաղաքականության հեռանկարի իմաստով:
Իհարկե այդ ամենը միարժեք արձանագրման ենթակա չէ, սակայն կարևոր և դիտարկելի իրողություններ են այն տրանսֆորմացիոն շրջանում, որ ապրում են միջազգային հարաբերություններն ընդհանրապես: