Wikileaks-ի` Հայաստանին վերաբերող հերթական բացահայտումն առնչվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև 2009թ-ի մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը: ԱՄՆ դեսպանը հանդիպել է Քոչարյանին, որպեսզի ճշտի նրա կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ընթացքող զարգացումների և Երևանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին:
Պարզվում է, որ երբ Յովանովիչը Քոչարյանին հարց է ուղղել Երևանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին, Քոչարյանն ասել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը չպետք է քաղաքականացնի դրանք և շեշտել է, որ նրանք (օտարերկրյա դիվանագետները) օգտագործում են ընտրությունները Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Քոչարյանը շեշտել է, որ իր նախագահության ժամանակ ամեն անգամ հենց այդպես է եղել:
Յովանովիչն իր կողմից պատասխանել է, որ Միացյալ Նահանգները երբեք չեն խառնվել Հայաստանի ներքին ընտրական գործընթացներին, բայց քաղաքապետի ընտրություններին իրենք ուշադիր հետևելու են, քանի որ դրանց մասնակցելու է Հայաստանի բնակչության գրեթե կեսը:
Քոչարյանը նշել է, որ Հայաստանի նման փոքր երկրների խնդիրը նրանում է, որ դրանք միշտ արտաքին ճնշման են ենթարկվում, լինի դա Մոսկվայից, Բրյուսելից, թե Վաշինգթոնից: «Դուք մեր ներքին քաղաքական զարգացումները ձեր շահերին հարմարեցնում: Խրախուսելով ընդդիմադիրներին` դուք նրանց գործիք եք դարձնում Հայաստանին ճնշելու համար»` նշել է Քոչարյանը:
ԱՄՆ դեսպանը մերժել է Քոչարյանի մեղադրանքները և նշել, որ Միացյալ Նահանգները երբեք որևէ մեկին չի պաշտպանել ընտրություններում և ինքն այդ մասին հայտարարելու է Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Յովանովիչի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք երկրորդ նախագահը որևէ կերպ ներգրավվել քաղաքապետի ընտրություններին, Քոչարյանը բացասական պատասխան է տվել և նշել, որ ինքը վստահ է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հաջողությանը և իր անհամաձայնությունն է արտահայտել իշխող կոալիցիայի այն որոշմանը, որ քաղաքապետի ընտրություններին նրանք առանձին թեկնածուներ են առաջադրել:











































