
Հարկային համակարգում նախորդ տարվա վերջին մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, վիճահարույց են ու վնասում են բիզնեսին։ Այդ փոփոխությունները վերաբերում են ինչպես միկրոձեռնարկատիրությանը, այնպես էլ խոշոր բիզնեսին։ Դրանք այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել։
Փոփոխություններից առաջինը վերաբերում է միկրոձեռնարկատիության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքներին ու ծառայություններին։ Մասնավորապես, նախատեսվել է, որ միկրոձեռնարկատիության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքներից ու ծառայություններից կատարված ծախսեր չեն կարող որպես այդպիսին դիտարկվել։
Այսինքն եթե միկրոձեռնարկատերը տնայնագործական պայմաններում ապրանքներ է պատրաստում, օրինակ՝ կտորներ է սարքում, նկարներ նկարում կամ բուսական թեյ պատրաստում և մատակարարում խանութներին ու սուպերմարկետներին, ըստ նոր փոփոխության, սահմանվել է, որ նրանց ապրանքներն ու ծառայությունները չեն կարող նվազեցվել որպես ծախս։ Այդ դեպքում սուպերմարկետներն ու մյուս խանութները կխուսափեն միկրոձեռնարկատերերից ապրանքներ գնել ու վերավաճառել, քանի որ դա լրացուցիչ հարկային բեռ է դառնալու իրենց համար:
Այս առնչությամբ տնտեսագետ կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը ներդրվել էր, որպեսզի փոքր ձեռնարկությունները, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում փոքր ծավալների, օգտվեն հարկային արտոնյալ դաշտից: Բայց փաստացի ստացվել է այնպես, որ այդ համակարգից օգտվել են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցել նաև իրավաբանական անձանց: Այսինքն ինքն իր նպատակին այդ մասով չի ծառայել: Դրա համար անհրաժեշտություն է առաջացել ճգրտում իրականացնել, ինչն էլ կատարվել է: Օգտվել են այնպիսի սուբյեկտներ, որոնք այլ հարկման դաշտում պետք է աշխատեին, բայց երևի թե օրենքի որոշակի բացերի պատճառով իրենք էլ են օգտվել արտոնյալ համակարգից:
Պարզ է, որ կարելի է մի քանի ձեռնարկություններ բացել, մեկ մեծ բիզնեսը կիսել մասերի և քիչ շրջանառություն ցույց տալով խուսափել այլ հարկային դաշտ անցումից: Դա տեղի է ունեցել զանգվածաբար, դրա համար էլ այդ համակարգի վերանայումն անհրաժեշտ էր, ինչն էլ կատարվել է»:
Նրա խոսքով, այս հարցը քննարկվել է դեռևս 2019-2020 թվականներին, այսինքն փաստաթղթի հիմնավորվածության խնդիրն է առաջանում. «Այս դեպքում ստացվում է, որ ձեռնարկատերը ապրանք է մատակարարում սուպերմարկետին, ոչ թե անմիջապես քաղաքացուն, ու այդ պարագայում միկրոձեռնրկատիրության մասին պատկերացումները կարծես մի քիչ փոխվում են: Երբ դուք, օրինակ, մի փոքր կրպակ եք դնում վերնիսաժում, անձամբ դուք ապրանքը վաճառում եք սպառողին, կամ թեկուզ ինտերնետով օնլայն վաճառք եք իրականացնում, դա մի բան է: Իսկ երբ տալիս եք սուպերմարկետին, դա միկրոձեռնարկատիրության նպատակին էլ է հակասում, այսինքն դուք չեք անմիջապես իրացնում, դուք տալիս եք սուպերմարկետին, ուպերմարկետը նոր վաճառում է քաղաքացուն: Այս դեպքում արդեն խնդիրներ են առաջանում: Միկրոձեռնարկատիրության պարզեցված համակարգը ներմուծվել է այդ շղթան շրջանցելու համար, որ մարդիկ կարողանան իրենց ապրանքն էժան գնով իրացնել անմիջապես քաղաքացուն»,-ասաց նա: