Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է ներկայումս թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող լարվածության կտրուկ աճին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է.
«Մենք նոր ենք ստացել ՄԱԿ-ի զեկույցը և ուսումնասիրում ենք այն։ ԱՄՆ-ը վաղուց սերտ հարաբերություններ է պահպանում թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ։ Մենք ցավում ենք, որ մինչև այդ զեկույցի հրապարակումը, երկու երկրները չկարողացան պայմանավորվածության գալ՝ համատեղ քայլերի շուրջ, որոնք կնպաստեին տարաձայնությունների հարթմանը։
ԱՄՆ-ը հուսով է, որ Իսրայելն ու Թուրքիան կկարգավորեն իրենց հարաբերությունները, կշարունակեն ուղիներ որոնել՝ գործընկերային հարաբերությունների բարելավման համար, և մենք ամեն գնով կխրախուսենք դա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իսրայելին առաջարկել էր ներողություն խնդրել Թուրքիայից, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել էր այդ առաջարկը՝ հայտարարելով, որ Իսրայելը չի պլանավորել ներողություն խնդրել Թուրքիայից։ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնն իր հերթին հայտարարել էր, որ եթե իրենք ներողություն խնդրեն Թուրքիայից, ապա Էրդողանը կդառնար Կենտրոնական Արևելքի առաջնորդը։
Ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարում էր, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը։









































