«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն-Ֆաետոն» ավտոմեքենան կարող է վերցվել նրանից։ Այդ մեքենան չի պատկանում ոչ միայն գլխավոր դատախազությանը (չնայած դրա վրա հենց գլխավոր դատախազության պետհամարանիշ է ամրացված), այլև նույնիսկ Աղվան Հովսեփյանին։ Այդ մեքենան «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին պատկանող մի ընկերության սեփականությունն է, և սեփականատերը մտադիր է պահանջել իր ավտոմեքենան կամ էլ դրա գումարը։ Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանը։
Ստորև թերթը ներկայացնում է նրա հետ զրույցը.
-Պարոն Վարդանյան, ճի՞շտ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն» ավտոմեքենան գտնվում է «Եվրովագեն» ընկերության բալանսում, և վերջինս երկար ժամանակ փորձում է գլխավոր դատախազությունից հետ ստանալ ավտոմեքենան կամ դրա գումարը։
– Ավտոմեքենան հետ վերցնելու կամ գումարը ստանալու գործընթացը դեոևս նախապատրաստական փուլում է։ Այսինքն, ոչ մի կոնկրետ գործողություն դեռևս չի արվել։ Դրա համար, քանի դեռ մենք պաշտոնապես չենք դիմել, ես չեմ կարող այս պահին հաստատել, որ մենք միջոցներ ենք ձեռնարկում ավտոմեքենան հետ ստանալու համար
– Բայց դուք հաստատու՞մ եք, որ ավտոմեքենան գտնվում է «Եվրովագենի» բալանսում։
– Ես այս պահին չեմ կարող ասել` ավտոմեքենան «Եվրովագենին» է պատկանում, թե Մանվել Ղարիբյանին պատկանող մեկ այլ ընկերության։ Սակայն կարող եմ ասել, որ այդ ավտոմեքենան պետական չի, և այն պատկանում է մասնավոր ընկերության իրավաբանական անձի:
«ՀԺ»-ի հարցին, թե երբ են պատրաստվում պաշտոնապես ավտոմեքենան վերադարձնելու համար դիմել, այսինքն` խնդրին իրավական ընթացք տալ, Բագրատ Վարդանյանը պատասխանել է. «Դեռևս նախապատրաստական փուլում է գտնվում, դրա համար չեմ ցանկանում առաջ անցնել, ինչ-որ կոնկրետ բաներ ասել։ Բայց երբ կոնկրետ քայլ կատարենք, ձեզ և հանրությանը տեղյակ կպահենք»:
««Ֆոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայի գինը 70-90 հազար եվրո է։ Հասկանալի է, որ այն պետբյուջեի միջոցներով չի ձեռք բերվել։ Ավելին, այն պաշտոնապես չի ձևակերպվել որպես նվիրատվություն պետությանը։ Այսինքն, ամենապարզ կոռուպցիայի հետ գործ ունենք, որի անմիջական գործող անձը հենց ինքը՝ գլխավոր դատախազն է»,- հավելում է «ՀԺ»-ն։









































