Ֆրանսիան և Լեհաստանը Գերմանիային դրդում են Leopard-2 տանկեր տրամադրել Ուկրաինային:
Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան դիտարկում է Ուկրաինային մոտ մեկ տասնյակ բրիտանական Challenger-2 հիմնական մարտական տանկեր տրամադրելու հարցը:
Ըստ պարբերականի՝ եթե Բրիտանիան նման քայլի դիմի, ապա Գերմանիայի համար դժվար կլինի ,թաքնվել իր ներկայիս փաստարկի հետևում, որ Բեռլինը չի ցանկանում ծանր սպառազինություն ուղարկելու հարցում գործել միայնակե: Կիևին ժամանակակից արևմտյան տանկերի մատակարարումը մեծ աջակցություն կլինի Ուկրաինայի զինուժի համար, քանի որ Կիևի դաշնակիցները մինչ այժմ տրամադրել են հին, խորհրդային ժամանակաշրջանի տանկեր, որոնք դեռ գտնվում էին Արևելյան Եվրոպայի երկրների տրամադրության տակ:
Ինչպես հրատարակությանը հայտնել է ֆրանսիացի պաշտոնյաներից մեկը, Փարիզը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ հույս ունենալով Բեռլինից Կիևին Leopard տանկեր տրամադրելու համաձայնություն ստանալ հունվարի 22-ին կայանալիք ֆրանս-գերմանական գագաթնաժողովի նախաշեմին։
Նշվում է, որ նմանատիպ ճնշում է գործադրվում նաև Լեհաստանի կողմից, որը ցանկանում է լայն կոալիցիա կազմել արևմտյան գործընկերների շրջանում՝ Leopard տանկերը համատեղ Ուկրաինային փոխանցելու համար։
Գերմանիայի կառավարության խոսնակը գործընկերների, մասնավորապես՝ Լեհաստանի կողմից տանկերի փոխանցման հարցով դաշինք կազմելու պահանջների մասին հարցմանն ի պատասխան ասել է, որ ներկայումս տեղյակ չէ նման պահանջի մասին:
Հրատարակությունը հիշեցնում է, որ հունվարի 5-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էին, որ իրենց երկրները հետևազորի մարտական մեքենաներ կուղարկեն Ուկրաինա. խոսքը մինչև 40 գերմանական Marder և շուրջ 50 ամերիկյան Bradley հետևակի մարտական մեքենաների մասին է։
Ընդգծվում է, որ այս հայտարարությունն արվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ֆրանսիական AMX-10 զրահամեքենաներ մատակարարելու մասին հայտարարության հաջորդ օրը։ Հրատարակության հետ զրույցի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է, որ անցյալ շաբաթ Մակրոնի արած հայտարարության «նպատակն էր կոտրել (Ուկրաինա արևմտյան տանկեր ուղարկելու մասին) տաբուն, որպեսզի գերմանացիներն սկսեն տեղից շարժվել»:
Բացի այդ, Politico-ի զրուցակիցն ասել է, որ Կիևը դիմել է Փարիզին՝ խնդրելով ֆրանսիական Leclerc մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա։ Այս դիմումն այժմ ուսումնասիրվում է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Միևնույն ժամանակ ֆրանսիացի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Leclerc տանկերն այլևս չեն արտադրվում, ինչը հարցեր է առաջացնում դրանց տեխնիկական սպասարկման և պահեստամասերի ապահովման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, Ֆրանսիան պատրաստ կլինի իր Leclerc տանկերը տրամադրել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք իրենց Leopard տանկերից մի քանիսը կուղարկեն Ուկրաինա՝ բացերը լրացնելու համար:










































