Չինաստանը հայտնում է օմիկրոնի նոր ենթատեսակի՝ BF7-ի մասին։ Չինաստանում վարակակիրների թիվը դեկտեմբեր ամսին հատել է 248 միլիոնը:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա Հայաստանում իրավիճակն այնպես է, ինչպես բոլոր երկրներում, այս պահին ռեսպերատոր վիրուսների աճ կա, կովիդը այս պահին առաջատար չէ, բայց եթե հաշվի առնենք դրսում, մանավանդ ասիական երկրներում տիրող վիճակը, չի բացառվում մեզ մոտ էլ լինի աճ։
Լուծումը, ըստ մասնագետի, բուստեր դեղաչափերի ավելացումն է. «Բնակչությունը պատվաստման ընդհանուր թեման սվիններով է ընդունում, կովիդի շրջանառվող շտամը իր կլինիկական ընթացքով զգալիորեն զիջում է մյուս տեսակներին։
Ռեսպերատոր RSV տեսակի վիրուսը տալիս է բրոնխիտներ, փոքր շնչուղիների խցանում, որի հետևանքով երեխաների մոտ թթվածնային քաղց է սկսվում և դժվար են պայքարում վիրուսի դեմ։ Իսկ երբ դրանք մեզ մոտ նվազեն, նկատի ունեմ H1N1-ը, H3-ը, չի բացառվում, որ այդ դեպքում կովիդը գլուխ բարձրացնի։ Մենք կարծում ենք նորից հիվանդացության ակտիվություն կունենանք, երբ դպրոցները բացվեն, և դրա համար շատ կարևոր է, որ հիվանդ երեխաները չհաճախեն դպրոց, վիրուսային նշանների մշտադիտարկում անցկացվի դպրոցում, որ հիվանդ երեխաները չհաճախեն։ Եթե մենք ունենայինք BF7 շտամը, այն շատ արագ է տարածվում, կունենայիք զգալի աճ»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:
Դիտարկմանը, որ Չինաստանն արդեն իսկ որոշակի սահմանափակումներ է մտցրել, արդյոք մեծ է ռիսկը, որ վարակը կհասնի Հայաստան, նա ասաց. «Կարևոր է սահմանային հսկողության խստացումը: Մենք մուտքի խնդիր ունենք, սահմանային անցակետերի խստացում է պետք, հատկապես ռիսկային գոտիներից ժամանող անձանց հսկողություն պետք է իրականացվի: Չինաստանից այլ երկիր ժամանող 4 ուղևորից մեկի մոտ հայտնաբերվում է այս նոր ենթատեսակը: Կովիդի ավարտը դեռ չկա, սփոփիչ է այն, որ կլինիկական ընթացքը մեղմացել է, գրիպանման վիրուսային շնչառական վարակի է նման»:
Ինչ վերաբերում է պատվաստումներին, Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, պատվաստվում են միայն ԱՄՆ գնացողները, այլ շարժառիթ այս պահին պատվաստումների համար չկա։









































