«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», – հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն ու ջատագովն է, նշել է վարչապետը՝ անընդունելի համարելով «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:
«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու է հայկական կողմը վերջին շրջանում նման հայտարարություններ անում Ռուսաստանի հասցեին.«Ռուսաստանում Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ղեկավարությունը կորցրեց վերջին հույսերը ՌԴ-ի հետ կապված՝ առ այն, որ այդ երկիրն ի վիճակի է բացել Լաչինի միջանցքը։ Ինչքանով ես հասկացա՝ Պուտինը դրա մասին բացեիբաց ասել է Փաշինյանին հենց Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այստեղից էլ գալիս է ՀՀ կառավարության նմանօրինակ արձագանքը»։
Դավիթ Ստեփանյանը համարում է, որ առաջին հերթին պետք է նորից դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որովհետև թույլատրելի չէ, որ 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի նկատմամբ կիրառվեն միջոցներ, որոնք կիրառվում էին միջին դարերում.«Այսինքն՝ պաշարել ժողովրդին ու ստիպել հանձնվել թշնամու հայեցողությանը, որ ադրբեջանցիներն անեն այն, ինչ ուզում են։ Պարզ է, որ այդ ամենի հետևում կանգնած է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը հետևողականորեն տանում են առաջ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը։ Բայց այն միջոցը, որն ընտրվել է այդ նպատակին հասնելու համար՝ մարդասիրության, քաղաքակրթության ու ընդհանուր առմամբ 21-րդ դարի հետ, որևէ ընդհանուր աղերս չունի։ Այնպես որ ես կարծում եմ, որ պետք է շարունակել դիմել միջազգային հանրությանը, գործել ինքնուրույն, ակտիվ լուսաբանել այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում։Պետք է կանչել արտասահմանյան լրագրողների, թույլ տալ նաև, որ հայ լրագրողները գնան այնտեղ։ Եթե մենք այլևս որևէ պատրանք չունենք Ռուսաստանի հետ՝ առ այն, որ Ռուսաստանը կլուծի այդ խնդիրը, ուրեմն պետք է արդեն հաշվի չառնենք Ռուսաստանի շահերն այստեղ»։
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը պետք է անի նույնը, ինչ Ադրբեջանը.«Այսինքն՝ եթե Ադրբեջանը չի զլանում ռուս խաղաղապահներին վարկաբեկել, ուրեմն մենք էլ չպետք է դրա մասին մտածենք։ Եթե նրանք չեն ուզում գործել, աշխատել, ուրեմն մենք էլ պետք է փորձենք ինքնուրույն գործել՝ այսինքն ցույց տալ աշխարհին, թե ինչ է այնտեղ կատարվում։ Մինչ այսօր մենք բավականին խնայում էինք նրանց, դրանով է պայմանավորված, որ այնտեղ չկան աշխատող հայ լրագրողներ, նաև աշխարհից այլ լրագրողներ… այդ գործելաոճին պետք է վերջ տանք։ Առաջին խնդիրը, որը պետք է մեզ հուզի՝ մեր հայրենակիցներն են, որոնք այսօր գտնվում են լքված վիճակում և իսկապես պաշարված են։
Դիտարկմանը, արդյոք արևմուտքը պատրաստ է խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան, Դավիթ Ստեփանյանը պատասխանեց.«Հայաստանն այսօր արևմուտքին որևէ օրակարգ չի առաջարկում։ Եվ այս պայմաններում, իսկապես, արևմուտքը խաղաղապահ զորախումբ Արցախ չի ուղարկի։ Երբ ես խոսում եմ միջոցների մասին, ես այլ բան եմ ուզում ասել։ Արևմուտքը, և առաջին հերթին ԱՄՆ-ն, կարող է մեկ զանգով այս հարցը լուծել։Բլինքենի մեկ զանգն Ալիևին բավական էր, որպեսզի ադրբեջանցիները սեպտեմբերի 13-ին կանգնեին։ Հիմա այդ նույն մեկ զանգը կարող է խնդիրը լուծել, բայց որպեսզի այդ մեկ զանգը լինի՝ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, մենք պետք է արևմուտքի հետ բանակցություններ վարենք, առաջարկություններ անենք՝ այն առաջարկությունները, որոնք գալիս են արևմուտքի շահերից։ Այլ պարագայում՝ այդ զանգը չի լինելու։ Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները հասկանան, որ այնտեղ մարդիկ են մահանում… բայց նորից սա կախված է մեզանից, մենք պետք է լայն լուսաբանենք, որ աշխարհն այդ մասին իմանա, այդ ժամանակ նոր կբացի»։
Քաղաքագետը նաև նշեց՝ արևմուտքը կարող է խաղաղապահներ բերել, միայն եթե հայկական կողմից քայլեր լինեն։










































