Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն լրագրողներին ասել է, որ Ուկրաինան նախատեսում է լիկվիդացնել «Նավթոգազ Ուկրաինա» էներգետիկ ձեռնարկությունը: Այդ քայլին ուկրաինական իշխանությունները դիմել են` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ոչ ձեռնտու գազային պայամանգիրը չեղյալ հայտարարելու համար:
«Հիմա կառավարությունն աշխատում է կառուցվածքի վրա: Բացարձակապես ակնհայտ է, որ կլինի ինքնուրույն նավթագազարդյունաբերական ձեռնարկություն, որը կզբաղվի գազի տարանցման աշխատանքներով»,- ասել է վարչապետը` հավելելով, որ սրա արդյունքում պետք է վերանայվեն «Նավթոգազի» կողմից ստորագրված պայմանագրերը:
Ազարովն ասել է, որ այս հարցը պատրաստվում են քննարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ուկրաինայի նրա գործընկեր Վիկտոր Յանուկովիչը Դուշանբեում այս օրերին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում սրվել են Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները` կապված գազային պայմանագրերի վերանայման հետ: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ 2009 թ. այն ժամանակ երկրի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմից ստորագրված պայմանագրերը հակաօրինական են և մեծ վնաս են հասցնում Ուկրաինայի տնտեսությանը, քանի որ ենթադրում են գազային ծավալների գնում, որոնք շատ թանկ են և անհրաժեշտ չեն Ուկրաինայի տնտեսությանը: Ռուսաստանը հրաժարվում է վերանայել այդ պայմանագրերը:








































