Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայի կողմից կալվածքների վերադարձման որոշման մասին, թուրքագետ Արտակ Շաքարյանը հայտնեց, որ խոսքը 1936-74 թվականներին վերցրած հիմնադրամների անշարժ գույքին է վերաբերում, որի որոշումը խորհրդարանը կայացրել է դեռևս 2008 թվականի փետրվարին. «Սա մի քանի ասպեկտով կարելի է քննել, նախ՝ ինչո՞ւ վերադարձվեցին կալվածքները, պետք է նշել, որ Թուրքիայի դեմ հայցեր կան` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, որոնք պահանջում են հայկական, հունական, հրեական ապօրինի խլված տարածքները վերադարձնել, նրանք այնքան էլ շատ չեն, բայց գտնվում են Ստամբուլի կենտրոնում և խոշոր հողակտորներ են, ուստի դրանց վերադարձը մեծ գումար է ներկայացնում»:
Արտակ Շաքարյանը փաստեց, որ մեզ վերադարձրածն ընդամենն ավազահատիկ է անապատում: «Մենք չենք խոսում ցեղասպանության տարիների, մինչև 1936 թ. հայերից խլված ունեցվածքի մասին, սա ընդամենը 36-74 թվականներին է վերաբերում»,- ասաց Շաքարյանը և հավելեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիան մտցրեց «դրակոնյան օրենք»՝ այն հայերը, որոնք չէին ծառայում Թուրքիայի բանակում, հարկ էին վճարում իրենց ունեցվածքի հարյուրապատիկի կամ հազարապատիկի չափով:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հայտնեց, որ կալվածքները, որոնք վերադարձվում են, ընդամենը 1936-74 թվականների հայ համայնքի ձեռքին եղած կալվածքներն են, «այդ գույքի մեջ կան արհեստանոցներ, առանձին շենքեր տարբեր սեփականություններ, որոնց մի մասը ձեռքից ձեռք է անցել, և այսօր խնդիր է, թե ինչպես են դրանք վերադարձվելու»:











































