Business-Грузия-ի փոխանցմամբ՝ արդեն հայտնի է Աջարիայի միլիոներորդ զբոսաշրջիկի ինքնությունը։ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Վաժա Դիասամիձեն հայտնել է, որ այդ հաջողակ զբոսաշրջիկն իտալացի կոմպոզիտոր Ջանի Կուարանտան է, որն իր կնոջ հետ է ժամանել Վրաստան։
Կուարանտան այսօր Բաթումում պարգևատրվելու է հաջորդ տարի Բաթումի Radisson Blue հյուրանոցում հանգստանալու 10-օրյա փաթեթով և մի շարք այլ նվերներով։
Դիասամիձեի խոսքերով՝ Վրաստանի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ է, որ ամառային սեզոնում Աջարիայում գրանցվի 1 միլիոն զբոսաշրջիկ։ Նախորդ տարի այդպիսի ցուցանիշ գրանցվել է ողջ տարվա կտրվածքով։
Ակնկալվում է, որ մնացած 4 ամիսներին Աջարիա կժամանի 100,000-ական զբոսաշրջիկ (400,000 զբոսաշրջիկ)։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Բաթումում գրանցվել էր 600,000-րդ զբոսաշրջիկը։ Խոսքն Իսրայելից ժամանած զույգի մասին է, որն այդ կապակցությամբ արժանացել էր հատուկ մրցանակի. նրանք կարող են հաջորդ տարվա հուլիսին մեկ շաբաթով անվճար իջևանել Radisson Blue հյուրանոցում։
Ներկայումս ակնկալվում է, որ 2012 թվականին Աջարիա կայցելի 2 միլիոն զբոսաշրջիկ։ Ինքնավար հանրապետության հաշվարկներով՝ այդ 2 միլիոնից 1.1 միլիոնը կլինեն ներքին զբոսաշրջիկները, իսկ 0.9 միլիոնը՝ օտարազգիները։






































