WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը, որին խոչընդոտում է Վրաստանը։ Այս մասին դիվանագիտական հաղորդագրությունը Թբիլիսիում գտնվող ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն է ուղարկվել 2006 թվականի մայիսին։
Թեև այդ փաստաթուղթը չի կրում «գաղտնի» անվանումը, այնուամենայնիվ նշված է, որ այն նախատեսված է միայն «պաշտոնական գործածման» համար, քանի որ պարունակում է «զգայուն» տեղեկատվություն։ Դրանում նկարագրված են տվյալ ժամանակ Վրաստանի արտգործնախարարի և ամերիկյան դիվանագետի հանդիպման մանրամասները, որը տեղի է ունեցել նախքան 2006 թվականի մայիսին Թբիլիսիում վրացի և ռուս դիվանագետների ԱՀԿ-յան բանակցությունները։
Տվյալ ժամանակ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը Վաշինգտոնին հայտնել է, որ Թբիլիսին առաջարկում է ռուս-վրացական փակուղուց դուրս գալու համար որպես մոդել ընտրել ԵՄ-ի կողմից Մերձդնեստրիեում անցկացվող «սահմանային դիտարկումը».
«Հաղորդագրությունում նշված է, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների էությունը վերջին 5 տարիներին էական փոփոխություններ չի կրել։ Վրաստանը նորից պահանջում է միջազգային դիտարկման մեխանիզմ հաստատել Ռուսաստանին սահմանակից անջատողական շրջանների անցակետերում, և ցանկալի է համարում, որ այդ դիտարկումն իրականացնի ԵՄ-ը։
Սահմանային անցակետերի հետ կապված՝ Վրաստանը որոշել է ամուր կանգնել իր դիրքորոշման մեջ։ Իր վիթխարի հյուսիսային հարևանի հետ լարված հարաբերություններում դա Վրաստանի միակ լծակն է։ Վրացիները մտադիր են օգտվել այդ լծակից, որպեսզի որոշակի վերահսկողություն հաստատեն հակամարտային շրջաններով իրականացվող ապօրինի բեռնափոխադրումների (բարձր հարստացված ուրան, կեղծված դոլարներ, զենք և այլն) նկատմամբ։
Յուրաքանչյուր ելքը, որը կարող է ընդունելի լինի Վրաստանի համար, անընդունելի կլինի աբխազների ու հարավային օսերի համար, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Վրաստանը խուսափում է խնդրի քաղաքականացումից։ Վրաստանի հակազդեցությունը ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության ճանապարհին ընկած միակ խոչընդոտն է»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փորձում է ԱՀԿ-ին անդամակցել 1993 թվականից, ինչի վրա շարունակ վետո է դնում Վրաստանը։ ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին Շվեյցարիայում։
Դրանում վրացական կողմը հերթական անգամ առաջ է քաշելու աբխազական և հարավօսական հատվածներում մաքսային անցակետերի օրինականացման հարցը։ Մինչդեռ ռուսական կողմն առաջարկում է այդ խնդիրը քննարկել ոչ թե իր, այլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։









































