Երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասն, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այսօր Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է ընդլայնված նիստում և ընդգծել՝ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Այս առնչությամբ՝ «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության ձև է: Նրանք փաստացի մեկ օրից ավելի է, որ փակել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այսպես կոչված, Լաչինի միջանցքը: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Ռուսաստանի խաղաղապահի ուժերի վրա է դրվել Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, և ինչ-որ առումով ռուսական կողմն ամբողջությամբ պատասխանատու է այն ամենի համար, ինչ այնտեղ հիմա տեղի է ունեցել»:
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները փորձեցին արգելափակել Հայաստանն Արցախին կապող ճանապարհը, սակայն ռուս խաղաղապահներին հաջողվեց լուծել հարցը. «Իսկ արդեն երեկ ճանապարհը փակել են իբր ինչ-որ բնապահպաններ, սակայն նրանք բնապահպաններ չեն: Նրանց մեջ կան մեծ թվով սադրիչներ, նախկին զինվորականներ, հայատյացներ: Ռուսական խաղաղապահները պետք է անմիջապես խստություն կիրառեին, ցրեին այդ բանդան և բացեին ճանապարհը: Այդ իրավունքը ռուսական խաղաղապահներն ունեն: Այն, որ նրանք բաց են թողել այդ հնարավորությունը, այն, որ արդեն մեկ օր ճանապարհը փակ է և մարդիկ չեն կարողանում Ղարաբաղից հասնել Հայաստան, և հակառակ ուղղությամբ, դա նշանակում է, որ աղետ է մոտենում: Ես երեկ կարծում էի, որ ռուսական խաղաղապահի ուժերը որոշ ժամանակ անց հարցը կլուծեն, ու հիմա ես հիասթափված եմ: Ես հավատում եմ, որ ռուսական կողմը միջոցներ կձեռնարկի՝ բացելու համար այդ կյանքի ճանապարհը»,-հայտարարեց Արամ Խաչատրյանը:
Հարցին, թե Ռուսաստանի հայերը, հայկական կազմակերպությունները կդիմե՞ն ՌԴ իշխանություններին այս հարցով, նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանի հայերի միությունը, հայկական համայնքի այլ շատ կազմակերպություններ անպայման հանդես կգան, արդեն հանդես են գալիս: Ռուսաստանում բնակվող հայերը, հայկական կազմակերպությունները պարտավոր են բարձրացնել իրենց ձայնը, որպեսզի ադրբեջանցիները ապաշրջափակեն Լաչինի միջանցքը:
Ես անձամբ դիմում եմ խաղաղապահներին և խնդրում, որ իրեն իրենց մանդատին համապատասխան ձեռնարկեն ամենակոշտ միջոցները, պատժեն բոլոր սադրիչներին և բացեն ճանապարհը: Բազմաթիվ ծերեր, երեխաներ, կանայք չեն կարողանում հասնել իրենց տները: Ես վստահ եմ, որ ռուսական կողմը կձեռնարկի այդ միջոցները: Իսկ անպատժելիությունը ծնելու է նոր հանցագործություններ: Դա Պանդորայի արկղ է, եթե այս անգամ ռուսական կողմը չկարողանա շատ կոշտ պատասխանել, հետո շատ ավելի բարդ է լինելու կանխել նման գործողությունները:
Եթե հայկական կողմի փորձերը չտան դրական արդյունքներ, պետք է դիմել ՄԱԿ-ին նաև այլ միջազգային կառույցներին: Ես գիտեմ, որ Արցախի անվտանգության խորհուրդն արդեն դիմել է: Պետք է ներգրավել նաև ՄԱԿ-ի ուժերին, որպեսզի նրանք ինչ-որ կերպ օգնեն և թույլ չտան Արցախում հումանիտար աղետ, թույլ չտան ցեղասպանություն: Սա ցեղասպանության ձևերից մեկն է»,-ընդգծեց Արամ Խաչատրյանը:
Նա նկատեց, որ այս ուղղությամբ Ռուսաստանի քայլերն ուշանում են. «Արդեն մեկ օր է ճանապարհը փակ է և անհայտ է, թե երբ կբացվի: Ադրբեջանի այս գործողությունները հարվածում են ոչ միայն ռուս խաղաղապահների, այլ նաև հենց Ռուսաստանի հեղինակությանը: Սա, փաստացի, ոչ թե հակահայկական ակցիա է, այլև հակառուսական: Սրանով Բաքում ցանկանում է նոր սկանդալներ, նոր սադրանքներ հրահրել:
Հայկական կողմը ևս պետք է համարժեք պատասխան տա: Այնտեղ կան նաև ճանապարհներ, որոնցով ադրբեջանցիներն են անցնում, հայկական կողմը պետք է փակի բոլոր ճանապարհները, մասնավորապես, Շուշիից դուրս եկող ճանապարհը, որ ոչ մի մեքենա չկարողանա դուրս գալ Շուշիից»:










































