Քաղաքական աշնան ու իշխանություն-ՀԱԿ առկախված երկխոսության մասին թերթը խոսել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ով ասել է, որ ՀԱԿ-ն իրենից կախված ամեն ինչ արել է, որ երկրում խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, առանց ընդհարումների. «Եվ էդ առումով իմ խիղճն ամբողջությամբ հանգիստ է»: Նա նաև հավելել է.
«Փորձը ցույց է տալիս, որ երբ հասարակությունը հավաքվել է, իր հավաքականությունը ցույց է տվել ու խնդիր է դրել իշխանությունների առաջ, էդ ժամանակ է, որ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակության, թե՛ աշխարհի ճնշմամբ իշխանությունները քայլ են արել: Հետևաբար առաջիկայում ամենակարևոր խնդիրը հասարակության լայն զանգվածներ հավաքելն է: Դրանից հետո իշխանությունները կառաջարկեն արտահերթ նախագահական ընտրություններ, կփորձեն երկխոսել` դա արդեն իրենց գործն է: Մենք հնարավորություն տվել ենք նրանց առանց ժողովրդի հավաքվելու, առանց ընդհանրությունների գնալ արտահերթ ընտրությունների: Եթե իրենք չեն գնում դրան, ապա հասարակությունն իր հավաքականությամբ պարտադրել է նրանց գնալ արտահերթ ընտրության: Էնպես չստացվի, ինչպես արաբական երկրներում, որ երբ իրենք ուզեն բանակցել, արդեն ուշ լինի»:









































