ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, որը այցելել է Բաքու, ուղերձ է հղել այնտեղ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո: Տեսաուղերձը, որ Կովկասի խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության ուղղությամբ աշխատանքը շարունակելու և «առաջընթացը» ու «թափը» պահելու մասին է, առաջին հերթին ուշադրության է արժանանում թերևս նրանով, որ Ռիքերը այն հղում է Բաքվից այն դեպքում, երբ դեռ պետք է այցելի նաև Թբիլիսի ու Երևան: Նա հայտնում է, որ ռեգիոն է ժամանել պետքարտուղար Բլինքենի հորդորով և լինելու է նաև Թբիլիսիում ու Երևանում:
Իհարկե հնարավոր է, որ պետքարտուղարը համանման ուղերձներ է հղելու նաև Թբիլիսի ու Երևան այցերից հետո, թեև այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչու՞ չանել մեկ ամբողջական ամփոփում ռեգիոնալ այցից հետո: Այստեղ առանցքային է այն, որ Բաքվում բանակցությունից հեռո Ռիքերը որոշում է անել հրապարակային, դիվանագիտորեն բավականին «զվարթ» ուղերձ, իսկ դա, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության բարդությունն ու հատկապես վերջին օրերին սահմանի ու նաև արցախ-ադրբեջանական շփման գծի հանդեպ Ադրբեջանի ռազմա-քարոզչական աշխուժությունը, թողնում է որոշակի արհեստական տպավորություն: Իսկապե՞ս Բաքվի քննարկումները, Ալիևի հետ զրույցը ամերիկացի դիվանագետի, Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի մոտ ձևավորել է այդպիսի լավատեսական ուղերձի հիմք, թե՞ ամեն ինչ հակառակն է և Ռիքերն այդ ուղերձով պարզապես փորձում է ծածկել իրավիճակի բարդությունը և այդ կերպ նաև սքողել իրադրության լարվածության չեզոքացման, անկայունության ռիսկի կառավարման հարցում անհաջողության հանգամանքը:
Մյուս հանգամանքը, որ Ռիքերի ուղերձում գրավում է ուշադրություն, ռեգիոնալ կայունության ու խաղաղության հարցում Բաքվի «ելակետայնությունն» ընդգծելն է: «Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Բաքու, տեսնում եմ տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար», ասում է ամերիկացի դիվանագետը: Բանն այն է, որ իրականում կամ գործնականում, Բաքուն այսօր ռեգիոնի ոչ թե տնտեսության ու հնարավորությունների աճի, այլ բացարձակապես հակառակի՝ անկայունության աղբյուր է: Օրինակ, Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ի գրոհով Հայաստանին հասցրել է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստ, այլ նաև ահռելի տնտեսական վնաս: Բայց, ամերիկացի համանախագահը Բաքուն դարձնում է հնարավորությունների ու տնտեսության աճի «անկյունաքարային» կետ, այդպիսով առաջացնելով հարցեր: Առավել ևս, որ Ռիքերի Բաքու այցին զուգահեռ, ԱՄՆ է այցելել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու այնտեղ հանդիպում ունեցել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ: Գրեյդին հայտարարել է, որ Ադրբեջանը Կովկասում ԱՄՆ համար կարևոր գործընկեր է: Այդ գործընկերությունը ռեգիոնի համար ունի «բարորակ», թե «չարորակ» բնույթ, թերևս կախված է արդեն մի շարք քաղաքական հիմնարար հարցերից, որոնց առանցքում ներկայումս իհարկե Իրանի հարցն է: Ադրբեջանն այդ առումով կարող է լինել թե դետոնատոր, թե «շանթարգել», ու այստեղ իսկապես շատ բան կախված է ամերիկա-ադրբեջանական երկխոսության բնույթից:









































