ՀՀ փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր Շիրակի մարզում ներկա է գտնվել Նոր Կյանք և Արևշատ գյուղերի վերանորոգված դպրոցների բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Դպրոցները հիմնանորոգվել են «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով: Հաստատություններն ապահովված են անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, ունեն կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, բուժկետ:
Փոխվարչապետը շնորհավորել է դպրոցի ուսուցիչներին և սաներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ստեղծված պայմանները հնարավորություն կընձեռեն բարձրացնել նաև ուսման որակը, սաների համար ուսումնառության գործընթացը դարձնել հետաքրքիր և հաճելի: Նա նշեց, որ կրթական հաստատությունների բարեկարգման խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, և դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե՛ պետբյուջեի, թե՛ այլ միջոցներով:
Ա.Գևորգյանը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների որակի առնչությամբ` հույս հայտնելով, որ հետագա դպրոցաշինական ծրագրերի իրականացման համար այս դպրոցները օրինակ կծառայեն:
ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև կնքված Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինության» ծրագրում ընդգրկված էին Շիրակի և Լոռիի մարզերից երեքական դպրոց: Շիրակի մարզում հիմնանորոգվել են Սարակապ, Նոր Կյանք ու Արևշատ գյուղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: «Լինսի» հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորություններն այս տարվա փետրվարին փոխանցել էր Միացյալ հայկական հիմնադրամին, և վերջինս էլ ավարտին հասցրեց ծրագիրը:
Վանաձորի թիվ 22 դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, իսկ Սարակապի, Սպիտակի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 դպրոցների պաշտոնական բացումը նախատեսվում է առաջիկա օրերին:
Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, այն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:











































