Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր սեմինար-քննարկումների շարքը: Առաջին քննարկումը նվիրված էր Երևան քաղաքում կրպակների ապամոնտաժման գործընթացին, դրա իրավական ասպեկտներին և սոցիալական հետևանքներին: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, այդ թվում` իրավական ոլորտի, նաև փաստաբաններ, լրագրողներ և այլոք:
Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա, որպես հանդիպման նպատակներ, մատնանշեց կրպակատերերին իրենց իրավունքների մասին իրազեկումը, իրավաբանական խորհրդատվությունը և խնդրի լուծման իրավական ճանապարհի բացահայտումը:
Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց կրպակների ապամոնտաժման նախապատմությունը, գործընթացում դիտարկված բազմաթիվ անօրինականությունները, քաղաքային իշխանությունների հետ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների պաշտոնական նամակարգրություններով պարզված գործընթացի բոլոր վիճելի հանգամանքերը: Սաֆարյանն ընդգծեց, որ քաղաքապետի և ավագանու անդամների ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրված և հաղթած կուսակցություններից որևէ մեկի նախընտրական ծրագրի դրույթներում չի եղել կրպակների ապամոնտաժման դրույթը:
Նա տեսակետ հայտնեց, որ Երևանի քաղաքային իշխանությունները, փաստորեն, նման բանավոր հանձնարարություներով ու դրանց վրա հենվող գործողություններով ոչ միայն դեմ են արտահայտվում փոքր ու միջին բիզնեսը խթանելու մասին իրենց ներկայացնող քաղաքական ուժերի հայտարարություններին, այլև խոչընդոտներ են հարուցում մարդկանց` ձեռնարկատիրութամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի իրացման (դրա եղանակներից մեկը, ՏԻՄ օրենքի համաձայն, համայնքից վարձակալությամբ հող վերցնելն է) ճանապարհին:
Հրավիրյալ փաստաբան Տիգրան Հայրապետյանը (ՀՀ փաստաբանների պալատի անդամ) խոսեց կրպակների ապամոնտաժման վերաբերյալ Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարականի մասին, որն, ըստ էության, իրավական ակտ չէ, քանի որ իրավական ուժ ունենալու համար այն պետք է կազմվեր գրավոր ձևով և համապատասխաներ ՀՀ Սահմանադրությամբ և «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին:
Սեփականության իրավունքի վկայական ունեցող քաղաքացիներին (կրպակատերերին) խորհուրդ տրվեց տեղի չտալ թաղապետարանի աշխատակիցների ապօրինի հորդորներին` սեփական կամքով ապամոնտաժելու կրպակները, քանի որ սեփականության իրավունքը պաշտպանվում է Սահմանադրությամբ, անձին իր սեփականությունից կարելի է զրկել միայն դատական կարգով: Նույն ձևով է խնդիրը կարգավորվում նաև հասարակության և պետության կարիքների համար քաղաքացու գույքն օտարելիս` դատական կարգով և նախնական համարժեք փոխհատուցմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում վերոնշյալ իրավական հիմքերը բացակայում են:
Բացի այդ, նախորդ քաղաքապետի և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ, ինչպեսև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից ելնելով` քաղաքացիները ողջամտորեն ենթադրել են, որ կարող են վարձակալել որոշակի տարածք և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքապետի վերջին գործողություններով խախտվել է պետական (տեղական ինքնակառավարման) քաղաքականության կանխատեսելիությունը: Ներկաների ուշադրությունը հրավիրվեց նաև քաղաքացիներին ուղարկված ծանուցումների ձևին` առանց ստորագրության և կնիքի, երբեմն` առանց ժամկետների և իրավասու պաշտոնատար անձանց մատնանշման, առանց այն իրավական հիմքի, ի կատարումն որի` կրպակները պետք է ապամոնտաժվեն:
Կրպակատերերի շարժման կազմկոմիտեի անդամ Արևհատ Ղազարյանը խոսեց իրենց համար կրպակների ապամոնտաժման ենթադրելիք ծանրագույն սոցիալական հետևանքների մասին: Նա ցավ հայտնեց, որ Երևանի քաղաքապետի համար կրպակների ապամոնտաժումը փիլիսոփայություն է, մինչդեռ իրենց համար դա իրենց տները քանդել է: Նա ներկայացրեց բազմաթիվ դեպքեր, թե ովքեր են օգտվում կրպակների գործունեությունից և ովքեր կտուժեն դրանց բացակայությունից:
Թե Ա.Ղազարյանը, թե այլ կրպակատերեր հավաստեցին, որ այս տարիներին իրենց գործունեության երաշխիք է համարվել Երևանի քաղաքապետի 2006թ. որոշումը, որով չվերակնքված վարձակալության պայմանագրերը համարվում են անորոշ ժամկետով կնքված պայմանագրեր` առավելագունը մինչև 2015թ. գործողության ժամկետով: Բազմաթիվ մարդիկ հավաստեցին, որ ի պատասխան վարձակալության պայմանագրերը վերակնքելու իրենց ցանկության, արդեն որերորդ տարին նրանց տրվում է այդ որոշման պատճեն` իբրև գործունեությունը շարունակելու հիմք: Կրպակատերերը անհասկանալի են համարում խաղի կանոնների այսպիսի անընդունելի և կտրուկ փոփոխությունը, որի հետևանքով իրենք կանգնում են սեփական բիզնեսը կորցնելու վտանգի առջև:
Փաստաբանը կրպակատերերին հորդորեց իրենց սեփականության իրավունքին ու գույքին սպառնացած անհայտ ու հայտնի պաշտոնյաների, նրանց աջակցող ոստիկանների գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում տալ Հատուկ քննչական ծառայություն, Դատախազություն և Ոստիկանություն: Միաժամանակ հորդորեց դատարան դիմել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործողությունների, թեպետ վերջինս պետք է յուրաքանչյուր կրպակի համար ինքը դիմեր դատարան և դատարանի վճռով հարկադրեր ապամոնտաժումը, ինչը չի արել:
Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ անցած շաբաթավերջին «Ժառանգությունը» պաշտոնական գրությամբ դիմել էր Ազգային ժողովի ու նրա հանձնաժողովների ղեկավարությանը` հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով: Նա իրազեկեց, որ Ազգային ժողովում Տարածքային կառավարման ու տեղական ինքակառավարման հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-ին արդեն իսկ նշանակվել է այդ շարքից առաջին քննարկումը, որտեղ ԱԺ խմբակցությունները պարզաբանումներ կլսեն Երևանի քաղաքային իշխանություններից:
ՔԱՆ համակարգողը հայտատարեց, որ կազմակերպության հովանու ներքո սա կրպակներին վերաբերող առաջին քննարկումն է, և շարքը շարունակվելու է. պարբերաբար անցկացվելու են Երևանի քաղաքային իշխանությունների կողմից երևանցիների իրավունքների ոտնահարման զանազան դեպքերին նվիրված այլ քննարկումներ ևս:
ՔԱՆ լրատվական ծառայություն









































