Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը աշխատանքային այց է կատարելու Կատարի պետություն, որտեղ ի դեպ այս օրերին թափ է հավաքում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցի նպատակների և հնարավոր հանդիպումների մասին տեղեկություն հրապարակված չէ, հայտնի չէ օրակարգը, հանդիպումների շրջանակը, այն պարագայում, երբ Կատարի ղեկավարությունն այս օրերին թերևս զբաղված է ֆուտբոլային համաշխարհային իրադարձությամբ:
Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ մեծ ֆուտբոլն այսօր մեծ առնչություններ ունի մեծ քաղաքականությանը, որքան էլ ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոն Կատարի առաջնության մեկնարկից առաջ կոչ էր անում չխառնել ֆուտբոլը քաղաքականությանը: Նա կոչ էր անում նաև առաջնության օրերին դադարեցնել ռազմական գործողությունները: Նրա կոչն իհարկե ուղղված էր Ուկրաինային և Ռուսաստանին, սակայն լավ կլիներ, որ ՖԻՖԱ նախագահը կոչը հղեր ընդհանրապես բոլորին, այդ թվում նաև Թուրքիային, որը հենց աշխարհի առաջնության օրերին ռազմական գործողություններ է սկսել Կատարից ոչ հեռու՝ Սիրիայի հյուսիսում:
Իհարկե, քաղաքականությունը հազիվ թե ունկընդիր լինի ՖԻՖԱ նախագահի կոչերին, առավել ևս, որ թերևս մի շարք ծանրակշիռ հիմքեր կան պնդելու, որ ավելի շուտ ՖԻՖԱ-ն է ենթակա մեծ քաղաքականությանը, բայց թողնենք դա: Տվյալ պարագայում հարցը այն է, որ Կատարում մեկնարկած ֆուտբոլային համաշխարհային տոնը կարծես թե կատարում է որոշակի «շանթարգելի» դեր ռեգիոնալ իրավիճակն ապակայունացնող ռիսկերի առնչությամբ, միաժամանակ հարց առաջացնելով՝ ի՞նչ է լինելու ռեգիոնը, երբ ավարտվի ֆուտբոլային տոնն ու տասնյակ հազարավոր երկրպագուները և ֆուտբոլային հավաքականներն ու պատվիրակությունները հեռանան Կատարից, և փաստացի՝ պարսիցծոցյան և մերձավորարևելյան ռեգիոնից: Համենայն դեպս լիցքերը, որ նկատելիորեն կուտակված են և կուտակվում են այս ռեգիոնում, ստիպում են տագնապով խորհել այն մասին, որ առաջնությունից հետո ռեգիոնը կարող է ընդհուպ մոտենալ բախումնային սցենարների ինտենսիվացման: Իսկ այդ ամենն իր ազդեցությունն է թողնելու նաև կովկասյան ռեգիոնի վրա, քանի որ անվտանգային, ռազմա-քաղաքական գործոնները անկասկած շղթայական են:
Պետք է նկատել իհարկե, որ զուգահեռ ծավալվում են նաև «երկխոսության» սցենարային գծեր: Մասնավորապես, նույն Կատարի առաջնության բացման առիթով այդ երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանը ձեռքսեղմում ու զրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Սիսիի հետ: Մի բան, որ տեղի է ունենում տարիներ շարունակ բավականին լարված հարաբերություն ունեցող գործիչների միջև:
Միաժամանակ, թուրքական վերնախավից մամուլ են սպրդում տեղեկություններ, որ Էրդողանը ունի Ասադի հետ հանդիպման մտադրություն և այդ առնչությամբ հանձնարարված է թուրքական իշխող կուսակցության անդամներին ոչ միայն չանել Ասադի ուղղությամբ սուր արտահայտություններ, այլ նույնիսկ հեռացնել նախկինում սոցցանցային գրառումները: Իհարկե Թուրքիան փորձելու է խոսել ուժի դիրքից, թերևս օգտվելով նաև այն հանգամանքից, որ ուկրաինական պատերազմի պատճառով բավականին բարդ վիճակում է Ռուսաստանը, և ներքին ապակայունացման պատճառով բարդ վիճակում է Իրանը: Իսկ Իրանն ու Ռուսաստանը մերձավորարևելյան ռեգիոնում Թուրքիային շատ, թե քիչ զսպող և բալանսավորող ուժերն են, որոնց թուլացումը կարող է խախտել կարևոր բալանս:
Միևնույն ժամանակ, Եգիպտոսի նախագահի հետ Էրդողանի հանդիպման նպատակը թերևս որոշակիորեն ֆրանսիական ռազմավարության բալանսի վրա ազդելն է, փորձելով Եգիպտոսը «կտրել» Փարիզ-Աթենք-Նիկոսիա գծից: Փարիզը բնականաբար իր հերթին փորձելու է հակազդել այդ փորձերին և այդ համատեքստում թերևս պետք է դիտարկել թե Սենատի հայտնի բանաձևը՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, և թե Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի հռչակագրում արտահայտվող դիրքորոշումները: Այդ ամենի համատեքստում, ինչ օրակարգով և «թիրախային» նպատակներով է Կատար մեկնում ԱԺ նախագահը և դրանց շարքում կա՞ Հայաստանի վարչապետի Կատար այցի «նախապատրաստման» նպատակ՝ աշխարհի առաջնության փակման արարողությանը մասնակցելու առիթով, Երևան-Դոհա շփման այդ առիթն օգտագործելով առկա իրողությունների բալանսավորվածության պահպանման ուղղությամբ աշխատանքի համար, հաշվի առնելով հանգամանքը, որ Կատարն ավանդաբար ունեցել է այդ հարցում շահագրգիռ կողմի և որոշակի իմաստով նաև քաղաքական գործընթացների «հաբ»-ի դիրքավորում:










































