Ինչպես հաղորդում է CNET News-ը, Apple-ի նոր iPhone 5 հեռախոսը պատահաբար հայտնվել է Սան Ֆրանցիսկոյի բարերից մեկում: Կայքի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել հուլիսի վերջին Cava 22 սրճարանում: Մի քանի օր անց Apple-ի անվտանգության աշխատակիցները, հետևելով հեռախոսի թողած ազդանշաններին, եկել են մի երիտասարդի տուն:
Երիտասարդը ոստիկանության հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ այդ օրը եղել է վերոնշյալ սրճարանում, սակայն ասել է, որ ոչ մի տեղեկություն չունի հեռախոսի գտնվելու վայրի վերաբերյալ: Տան խուզարկությամբ նույնպես ոչ մի բան չի հայտնաբերվել: Նախատեսվում էր, որ այդ հեռախոսը վաճառքի կհանվի սեպտեմբեր ամսվա սկզբին:
Քննարկվում է, թե ինչու է այդ հեռախոսը հայտնվել սրճարանում: Կարծիքներ կան, որ դա աշխատակցի անփութության հետևանք է, իսկ մի մասն էլ պնդում է, որ դա դիտավորյալ կատարված քայլ է, որպեսզի iPhone5 հեռախոսի շուրջը աժիոտաժն էլ ավելի մեծ լինի: