Ռուսաստանը Փարիզում կմասնակցի Լիբիայի շփման խմբի աշխատանքներին, որի ստեղծումը նախկինում դատապարտում էր:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը` հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը կներկայացնի Ռուսաստանի Դաշնությունը Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ:
Ինքը Մարգելովը հայտարարել է, որ Ռուսաստանը փարիզյան գագաթաժողովին մտադիր է Լիբիայում պաշտպանել իր տնտեսական շահերը:
«Մենք մտադիր ենք ներկայացնել Լիբիայում նոր պետություն ստեղծելու մասին մեր տեսակետները, ինչպես նաև գործուն մասնակցություն ունենալ այդ գործընթացի վրա` պաշտպանելով մեր տնտեսական և այլ բնույթի շահերը»` հայտարարել է Մարգելովը:
Շփման խմբի մեջ են մտնում NATO-ի այն երկրները, որոնք մասնակցում են Լիբիայի ռմբակոծություններին և արաբական մի շարք երկրներ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ շփման խումբը լեգիտիմ կառույց չէ, այն չի կարող փոխարինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և խմբի գործունեությունն անօրինական է:










































