Այն դերասանները, ովքեր հրաժարվում են նկարահանվել սերիալներում, հիմնականում մասնագիտական առումով բավական բարձր մակարդակ ունեցող դերասաններ են: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ սերիալում նկարահանվելը գումար վաստակելու միակ միջոցը չէ, կան այլ ճանապարհներ ևս:
«Դերասանները հրաժարվում են սերիալում նկարահանվել, քանի որ չեն սովորել նրա համար, որ կադրում երևան պատահական մարդկանց հետ, ովքեր փողոցից եկել են, հիմա կադրում կանգնած իրենց դերասան են երևակայում: Նրանք իրենց ոչ կոմֆորտ են զգում»,- հավելեց Գ.Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ մեզանում դերասանը սերիալ է մտնում ոչ միայն գումար վաստակելու համար: Կան դերասաններ, որոնց համար այդ «ռասկրուտկան» պետք չէ: «Այդ ամենը ինչը հեշտ է ձևակերպել: Հիմար խոսակցություններ կան, թե եթե չլինեին այդ սերիալները, ի՞նչ պիտի անեին այդ դերասանները, և մտել ենք, սերիալում ենք նկարահանվում, որովհետև գումար ենք վաստակում, դրանք, կարծում եմ, անազնիվ խոսակցություն են ամեն դեպքում»,- նշեց դերասանը՝ ընդգծելով, որ սերիալը «միակ ամենայն փրկիչ պրոյեկտ չէ» և կարելի է այլ բան մտածել:










































