«Ֆինանսական յոթնյակի»՝ ֆինանսների յոթ նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Մարսել քաղաքում՝ սեպտեմբերի 9-10-ը: Այս մասին France Presse գործակալությանը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, որը նույնպես մասնակցելու է այդ հանդիպմանը:
Ինչպես ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, հանդիպմանը կբարձրացվեն գործազրկության, աշխարհում ֆինանսական վիճակի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր: Գայթները սեպտեմբերի 10-ին նաև քննարկելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում:
«Յոթի խումբը» աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարների ոչ պաշտոնական ֆորում է:








































