Իրանի ազգային անվտանգության խորհրդի անդամ, խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ավային, իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին, քննադատել է Իրանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը:
Ըստ Ավայիի՝ «Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների ընդհանրությունը հենց ազատ ընտրությունների ու ազատության բացակայությունն է: Սիրիան տարածաշրջանի այլ երկրներից տարբերվում է իր անկախությամբ: Անգամ Խորհրդային միության տիրապետության ժամանակ, Սիրիան նրանց դաշնակիցն էր, ոչ թե կախյալը: Բայց, դժբախտաբար, Սիրիայի իշխանությունները բարենորոգումներ իրականացնելու հարցում շատ ուշացան։ Սկզբում ժողովուրդը բարենորոգումներ էր պահանջում, ու եթե իշխանությունները լսեին ժողովրդի բողոքի ձայնը, այսօր այս վիճակին չէր մատնվի:
Իրականությունն այն է, որ մեր կողմից ցուցաբերած բացարձակ պաշտպանությունը սխալ էր: Սիրիայում բողոքի դուրս եկած ժողովրդի մեծամասնությունը հավատացյալ մարդիկ էին, և բողոքի ցույցերն ինքնաբուխ էին, թեև Արևմուտքն ու ԱՄՆ-ը, ցուցարարներին դրդելով ու նրանց զինամթերք տրամադրելով, շեղեցին ցույցերի ընթացքը»։
Ահմադ Ավային, անդրադառնալով նաև Լիբիայի անցուդարձին, նշել է, որ իրանական կողմը ցանկություն էր հայտնել աջակցել Լիբիայի հեղափոխականներին, բայց նրանք հրաժարվել են օգտվել Իրանի օգնությունից, հետևաբար այդ խնդրում Իրանի ԱԳ նախարարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել:







































