2022 թվականի հունվարի 1-ից մինչև օրս կորոնավիրուսային հիվանդության դեմ առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված, ինչպես նաև այլ երկրներից նախարարությանը որպես նվիրատվություն տրամադրված 992․650 դեղաչափ պատվաստանյութ է ներկրվել Հայաստան։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ Հունաստանից Հայաստան է եկել 35․000 դեղաչափ «Սպայվաքս» («Մոդեռնա»), Մեծ Բրիտանիայից՝ 25․040 դեղաչափ «Աստրա-Զենեկա» («Վաքսզեվրիա»), ԱՄՆ-ից՝ 306․000 «Պֆայզեր», Պորտուգալիայից՝ 400․140 դեղաչափ պատվաստանյութ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ինքնուրույն ձեռք է բերել 26․400 դեղաչափ «ԱստրաԶենեկա» («Վաքսզեվրիա») և 200․070 դեղաչափ «Պֆայզեր» տեսակի պատվաստանյութեր։
ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին բաշխվել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ստացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 592․510 դեղաչափ. «Կորոնավիրուսային հիվանդության դեմ բոլոր պատվաստանյութերը նախատեսված են և կիրառվում են ինչպես հերթական՝ առաջին, երկրորդ, այնպես էլ՝ խթանիչ («բուստեր») դեղաչափերի համար»,- հայտնում են ԱՆ-ից։