«Անարգել տեղաշարժվելու իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպման նպատակը, որին մասնակցում էին «Ունիսոն» ՀԿ-ի ու հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միության ներկայացուցիչները, հասարակության ուշադրությունը գրավելն ու հաշմանդամ երեխաների, նրանց կարիքների մասին բարձրաձայնելն է: Այդ մասին այսօր Հանրապետության Հրապարակի բացօթյան սրճարաններից մեկում կազմակերպված միջոցառմանն ասաց հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միության նախագահ, միջոցառման կազմակերպիչներից Լևոն Ներսիսյանը:
«Աննախադեպն այն է, որ որոշեցինք հաշմանդամներին սուրճի սեղանի շուրջ հավաքել, հնարավորություն տալ շփվել լրատվամիջոցների հետ, որ հասարակությունն էլ հասկանա, որ նրանք հասարակության մաս են կազմում»,- ասաց հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միության նախագահ Լևոն Ներսիսյանը: Նրա խոսքով՝ հաշմանդամների խնդիրների, անարգել տեղաշարժվելու նրանց իրավունքի հարցերի մասին իրենք բարձրաձայնել են քաղաքապետարանում, բարձր ատյաններում, սակայն քաղաքի կառուցապատողները հաճախ անտեսում են կառուցապատման կանոնները՝ արհամարհելով հաշմանդամների՝ անարգել շարժվելու իրավունքը:
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանն էլ իր հերթին նշեց, որ եթե հանդիպման համար ընտրվեր փակ տարածք, գուցե հաշմանդամների մի մասը չկարողանար ներկա գտնվել հանդիպմանը:
Իր խոսքում նա կարևորեց տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ իրենց հասակակիցների հետ նորմալ շփվելու հնարավորությունը: «Նրանք պետք է հաճախեն սովորական դպրոցներ, ապրեն սովորական, հասարակ կյանքով»,- նշեց նա՝ ընդգծելով, անարգել տեղաշարժվելու մասին լսելով շատերը պատկերացնում են երկրից դուրս գալու, վիզա ստանալու խնդիրներ:
«Մեր իսկ քաղաքում մենք՝ սայլակավոր հաշմանդամներս, զրկված ենք հանգիստ անցուդարձ անելու հնարավորությունից»,- հավելեց նա:
«Աստղիկ» միության հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ իր հերթին նշեց, որ հաշմանդամները հոգեբանորեն ամենապրոբլեմատիկ, թիրախային խումբն են, ինչի մասին հասարակությանն անընդհատ պետք է հիշեցնել, քանի որ «ոչ ոք ապահովագրված չէ նրանից, որ իր ընտանիքում չի հայտնվի տկար մարդ»:
«Հասարակությունը Հայաստանում անկարողության այս պրոբլեմից իր երեսն է թեքում: Չեն խորանում, մարդիկ դրա մեջ, առանձնանում են դրանից՝ տարբերվելով կրթված հասարակությունից»,- ընդգծեց նա:










































