Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ուսումնական տարին առանձնացվում է նրանով, որ անկախության 20-ամյակի ուսումնական տարին է: Նա հայտնեց, որ ԿԳ նախարարի անունից շրջաբերականներ են ուղարկվել բոլոր կրթահամալիրներին, որով հիշեցվել է անկախության միջոցառումներին վերջիններիս ակտիվության մասին։ «Անկախության 20-ամյակին ընդառաջ հայտարարվել է «Մենք ենք մեր անկախության տերը» վերնագրով շարադրության մրցույթ: Նոր ուսումնական պլանում ունենք նաև 2-4-րդ դասարաններում դասավանդվելիք շախմատ առարկան: Այդ առումով դպրոցները կատարալապես պատրաստ են, կան դասագրքեր, հատուկ դասարաններ և կադրեր, ովքեր պիտի վարեն շախմատի դասերը»:
Ն.Հովհաննիսյանի խոսքով՝ դպրոցներում 1-4-րդ դասարանների գրքերը տրվելու են անվճար (բացի Երգեցողությունից), իսկ 5-12 դասարաններինը՝ վճարովի: Նա նաև հավելեց, որ պետության կողմից բոլոր դպրոցներին տրվելու են օրագրեր, որոնք հագեցած են երեխաներին անհրաժեշտ գիտելիքների բոլոր կետերով:
Խոսելով ծրագրերի բեռնաթափման մասին՝ Ն. Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ուսումնական տարին սկսվելու է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների ծրագրերի բեռնաթափմամբ, իսկ մնացյալ առարկաների բեռնաթափումն ընթացքի մեջ է: Խոսելով տնօրենների և ուսուցիչների հավաստագրման երկրորդ փուլի մասին՝ նա նշեց, որ այս փուլում ուսուցիչները տարակարգ են ստանում, որը բարձրացնում է նրանց աշխատավարձը: Ն.Հովհաննիսյանը հայտնեց որ այս տարի նույնպես ուսուցչի տոնին ընդառաջ կընտրվեն տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը և դաստիարակը:
Ն.Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ավագ դպրոցների խնդրին. «107 ավագ դպրոց արդեն ունենք: Այն բնակավայրերը, որտեղ դպրոցը մեկն է, կրթությունը միջնակարգ է՝ 1-12–րդ դասարաններում: 12-րդ դասարաններում երեխաների քառորդը ամփոփում ենք առաջին կիսամյակի տվյալներով, իսկ երկրորդ կիսամյակը նվիրվում է կրկնությանը։ Այն առարակաները, որոնք ընդունելության միասնական քննություններին պետք են, երեխաներն անցնելու են մեծացված ժամաքանակով։ Մեր նպատակն է, որ երեխան այլևս կրկնուսույցի մոտ չգնա»:
Լրագրողների հարցին, թե պարտադի՞ր է արդյոք դպրոցներում աշխատանքային տետրերի առկայությունը, Ն.Հովհաննիսյանը փաստեց, որ դրանց գործածությունն ընդամենը ցանկալի է։ Ինչ վերաբերում է դրամահավաքության խնդրին, ապա, ըստ նրա՝ ամենախիստ վերահսկողությունն է եղել նախարարի կողմից, ինչի արդյունքները պիտի որ տեսանելի լինեն։








































