Հայաստանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է կատարվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա և ոչ թե քարտեզների․ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քարտեզը նկար է, որտեղ արտահայտվում են իրավական ուժ ունեցող որոշումները։ Քարտեզն ինչքանո՞վ իրավական ուժ ունի, պետք է խորանալ քարտեզի մեջ՝ ինչ իրավական ուժ ունեցող որոշումներ են դրված»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական տիրույթում հնչող այն ձևակերպումները, թե Զանգեզուրն ապօրինի տրվել է ՀՀ-ին կամ ինչ-որ քաղաքներ ապօրինի տրվել են ՀՀ-ին, դեստրուկտիվ են ու բացահայտում են Ադրբեջանի ներքին նկրտումները։
Գեոդեզիստ-քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանի կարծիքով՝ որոշակի թյուրըմռնում է տեղի ունեցել, քանի որ առանց քարտեզների սահմանազատում հնարավոր չէ իրականացնել․ «Սակայն ամեն քարտեզ չէ, որ պիտանի է սահմանազատում իրականացնելուն։ Թույլ տվեք՝ չմեկնաբանեմ վարչապետի խոսքերը, այլ հայտնեմ իմ մասնագիտական տեսակետը։ Ուրեմն համաձայն սահմանազատման մասնագիտական սկզբունքների՝ սահմանազատում պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փասատթղթերի համաձայն, որոնց ցանկում նաև իրավական ուժ ունեցող քարտեզներն են։ Քարտեզը նկար չէ, կամայական գծագիր չէ։Քարտեզն ունի հստակ կանոններ, քարտեզները լուրջ մասնագիտական փաստաթղթեր են։ Եվ այն քարտեզը, որն ունի հաստատում պաշտոնատար մարմինների կողմից համարվում է իրավական ուժ ունեցող փասատթուղթ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շահինյանի խոսքերով՝ օրինակ Երևանի գլխավոր հատակագիծը, որն իրենից ներկայացնում է քարտեզների հավաքածու, եթե այն հաստատված է կառավարության կողմից, ապա այն իրավարար ուժ ունեցող, իրավական հիմք ունեցող փասատթուղթ է։
Հարցին, թե ո՞ր քարտեզների հիման վրա է նպատակահարմար իրականացնել սահմանազատում ու սահմանագծում, քանի որ մասնագիտական կարծիքները տարբեր են, մեր զրուցակիցն ասաց․ «Քանի որ տարբեր քարտեզներ հետազոտվել են տարբեր մասնագետների կողմից, այո՛ կարծիքները տարբեր են։ Քարտեզների հիմնական խնդիրն այն է, որ քարտեզների ամբողջական կոմլեկտը հասանելի չէ մասնագետներին։ Օրինակ մեզ երբեք հասանելի չի եղել 1920-ականների՝ մինչև 1932 թվականը եղած քարտեզները։ Մենք ունենք սովետական հանրագիտարանում հրապարակած քարտեզ։ Իրականում այդ հանրագիտարանում հրատարակված քարտեզն ինքնին բարձր ճշտություն չունի, որ դրանով իրականացվի սահմանազատում։ Սակայն սովետական տարիններին առանց սովետական մարմինների հաստատման քարտեզներ, փաստաթղթեր, գրքեր չէին տպագրվում։ Այսինքն՝ եթե այդ քարտեզը հրապարակվել է սովետական մեծ հանրագիտարանում, ապա հարյուր տոկոս եղել է դրա իրավական հիմքը»,-նշեց Շահինյանը։
Քարտեզագրողը նշում է, որ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի քարտեզները մի քանի անգամ վերահամաձայնեցվել են․ «Ընդ որում՝ եղել են դեպքեր, որ այն չի վերահամաձայնեցվել ՀՀ խորհրդային ղեկավարության կողմից։ Հետազոտողներն ի հայտ են բերել, որ կան քարտեզներ, որոնք հաստատվել են կա՛մ Հայաստանի կա՛մ Ադրբեջանի ղեկավարության կողմից կա՛մ առանց երկուսի մասնակցության հաստատվել են Մոսկվայում։ Սակայն պետք է գտնել այն սկզբնաղբյուր քարտեզները, որոնք համաձայնեցվել են երկու կողմի հետ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ քարտեզները 1920-ականների քարտեզներն են»։







































