Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական յոթերորդ համաժողովի լիագումար նստաշրջանին:
Մասնակցելու են Ռուսաստանի, Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները:
Կրեմլի հաղորդմամբ` նախատեսված են Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումների երկրների ղեկավարների հետ:
Նշվում է, որ կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այդ այցը չի լուծում այն առաջնահերթությունները, որոնք դրված են մեր առջև․ «Մենք այնտեղ «բռնելու» բան չունենք։ Բայց այդպես մենք հարցեր ենք առաջացնում մեր այն գործընկերների մոտ, որոնց հետ մեր հարաբերությունների ճշգրտումը ղարաբաղյան բանակցությունների այս փուլում շատ ավելի կարևոր է, քան հեռուներում նման հավաքներին մասնակցելը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Մեհրաբյանի՝ այդ համաժողովի անցկացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ԱՄՆ-ին մի նկար ցույց տալ, ռուսական հեռուստաալիքներով հոլովակներ շրջանառել՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե ՌԴ ղեկավարը մեկուսացված չէ․ «Նաև՝ Չինաստանին օգնել, որ իր հովանավորությունը վայելող մի քանի «ղասաբներ» դուրս գան մարդամեջ, Պուտինն էլ իրեն լավ զգա ու ցույց տա, որ իբրև իր միջազգային մեկուսացումը միջազգային մեկուսացում չէ։ Եվ թե այդ ամեն ինչում Հայաստանն ինչ պետք է շահի՝ ակնհայտ է, որ ոչինչ։ Հետևաբար այնտեղ մենք ոչինչ չունենք անելու»։
Թե ինչու՞ Հայաստանն իրեն չի կարողանում դուրս բերել այդ շրջապատից, քաղաքագետը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ առաջանեհերթությունների հիերարխիան մեզ մոտ սխալ է կառուցված։ Սպառնալիքների գնահատման հիերարխիան՝ ևս։ Վերջին հաշվով՝ այն, ինչ որ խնդիր է, մենք պաշտոնական մակարդակով խնդիր չենք համարում։ Դրանից էլ արդեն գալիս են սխալ որոշումներ ու ձևավորվում է սխալ աշխարհագրություն»։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ «այդ կողմերում» մենք անելիք չունենք․ «Բայց հրավիրել են՝ գնում ենք, չենք մերժում։ Իհարկե մեզ այդ համաժողովը հետաքրքիր չէ, բայց քանի որ հրավիրել են՝ գնում ենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Արշակյանի՝ մեզ չվերաբերող միջոցառումներին մասնակցելն առնվազն աշխատանքից բացակայել է նշանակում․ «Եթե մենք գնում ենք Վլադիվոստոկ, նշանակում է՝ չենք գնում այնտեղ, որտեղ մեզ սպասում են։ Իշխանությունն ազատ րոպե ու ժամանակ չունի։ Իսկ մենք հիմա ներկա ենք այնտեղ, որտեղ որ չպետք է ներկա լինեինք և բացակայում ենք այնտեղից, որտեղ որ մեր տեղն է։ Ես սա համարում եմ սովորական հավատարմության տուրք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։











































