Վերջին շաբաթ և կիրակի օրերին (օգոստոսի 27, 28) Տաթևի ճոպանուղու ոչ ամբողջական գրաֆիկով աշխատանքը պայմանավորված է եղել եղանակային փոփոխություններով:
«ՏաԹևեր» ճոպանուղին իր ներողամտությունն է հայցում այցելուներին հարուցված անհարմարության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ս/թ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու, ինչը պայմանավորված է գարնանային-ամառային ռեժիմից աշնանայինին անցման հանգամանքով:
Նշված ժամանակահատվածում ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարեցվելու են Սյունիքի մարզի եղանակային պայմանների փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն)՝ իրականացվելու են համակարգի կարգաբերման աշխատանքներ:
Որպես տեղեկատվություն նաև հավելենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին 2011 թ. հունվարի 1-ից առայսօր սպասարկել է ավելի քան 51,000 ուղևորի,
որոնցից ավելի քան 3,000-ը եղել են հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ համայնքների բնակիչներ, ովքեր ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար:
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն,
Տիգրան Ղազարյան











































