Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու հիմքեր ստեղծել։ Հիմնավորման մեջ նշվում է․«Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում»:
Արդեն իսկ հնչում են քննադատություններ, որ սա Հայաստանը բելառուսացման տանող ճանապարհ է:
Այս առաջարկը մեծ քննադատության արժանացավ համացանցում, որին հաջորդեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Անսպասելի էր առանձնահատուկ դեպքերում կատարված պետական դավաճանության համար մահապատժի դատապարտման սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի մասին հաղորդագրության հրապարակմանը հաջորդած որոշ մեկնաբանություններից պարզել, որ, փաստորեն, մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ»:
Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ Գոռ Աբրահամյանի գրառումը ակնհայտ մանիպուլյացիա է, որովհետև ոչ թե պետական դավաճանությունն է պաշտպանվում, մահապատիժը որպես պատժի տեսակ: «Մահապատիժը որպես պատժի տեսակ չպետք է կիրառվի՝ հաշվի առնելով մեր Սահմանադրության մեջ առկա շատ ավելի կարևոր դրույթ, որը վերաբերում է օրենքի հետադարձ ուժ չկիրառելու սահմանափակմանը:
Դատախազությունը չի տեսնում, որ օրենքը հետադարձ ուժ չպետք է ունենա և սա աքսիոմա է, բայց երբ խոսքը գնում է կոռուպցիոն լուրջ հանցագործությունների մասին, որտեղ հանրային շահն է ոտնահարվել, ապա չպե՞տք է կիրառվի օրենքի հետադարձ ուժ։ Սոցիալական արդարության վերականգնման և պետական շահի տեսանկյունից, նման խնդիրների չի առնչվե՞լ Դատախազությունը, հատկապես կոռուպցիայի տեսակետից, որը հանդիսանում է պետական դավաճանության թիվ մեկ դրսևորումը: Զարմանալի է, որ կոռուպցիան չեն դիտարկում պետական դավաճանություն»,-ասաց Սաքունցը:
Ինչ վերաբերում է նրան, որ դատախազության առաջարկը կարող է քննարկվել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում, իրավապաշտպանն ասաց, որ իրենք դեմ են լինելու ընդհանրապես նման հարց օրակարգ ներառելում, թեև գիտի, որ հանձնաժողովում մահապատժի վերականգնման մոտեցումը համախոհներ ունի. «Նման անհեթեթ առաջարկությունը մենք չենք կարող օրակարգ մտցնել և քննել: Նպատակը չեմ հասկանում թե ինչ պոպուլիստական միտում ունի, կամ գուցե ազդվա՞ծ են ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի խոսքերից, թե մահապատիժը պետք է վերականգնվի ՌԴ-ում։ Շատ տարօրինակ զուգադիպությամբ այս առաջարկությունը հաջորդում է Մեդվեդևի արտահայտած դիրքորոշմանը։ Սա շատ մտահոգիչ ու տխուր զուգահեռներ է առաջացնում»,-ասաց նա՝ չբացառելով, որ այս առաջարկությամբ փորձ է արվում ՌԴ-ում առկա մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից ու արժանապատվությունը նվաստացնող միտումները կիրարկել նաև Հայաստանում։ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն, չպետք է գնա այնպիսի ճանապարհով, որ վերականգնի մահապատիժը որպես պատժի տեսակ և դրանով նահանջ գրանցի մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից. « Մարդու կյանքի իրավունքն անօտարելի է, ժամանակին բազմաթիվ հիմնավորումներ ներկայացվել են, և Հայաստանում չպետք է մահապատիժը որպես պատժի տեսակ վերականգնվի՝ անկախ հանցատեսակից։ Օրակարգում կան շատ ավելի լուրջ հարցեր, մասնավորապես կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, հենց նույն դատախազական համակարգի բարեփոխումը, իրավապահ համակարգի բարեփոխումը, անցումային արդարադատությունը, Զինված ուժերի խնդիրները, սրանք են շատ ավելի լուրջ հարցերը»,-ընդգծեց իրավապաշտպանը:










































