Առհասարակ այս իրավիճակում մի անհասկանալի բան կա։ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, Հայաստանը ուզում է խաղաղութուն, ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ են ուզում խաղաղություն, ՌԴ-ն դրանից զատ ուզում է նաև ապաշրջափակում ու դելիմիտացիա։ Մի խոսքով բոլորն են կարծես շուրջբոլորն ուզում խաղաղ ապրել, բայց այդ ընթացքը բարդ է ու հեշտ լուծումներ, փաստորեն չկան։ Այստեղ է, որ հասկանում են, խաղաղությունը միանշանակ կատեգորիա չէ, այն միատեսակ չէ ու չի կարող նույնական լինել հայերի, ադրբեջանցիների, ռուսների ու ամերիկացիների համար։ Յուրաքանչյուր կողմն ունի խաղաղության իր ուրույն պատկերացումները։ Ասենք՝ Հայաստանի համար խաղաղությունը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, Արցախի ինքնորոշումն ու շրջափակումից դուրս գալը։ Մինչդեռ Ադրբեջանի համար խաղաղությունը ՀՀ ամբողջական կապիտուլյացիան է, Հայաստանի հրաժարումը Արցախից, հայկական էթնիկ բնակչության զտումը, Զանգեզուրի միջանցքը, անկլավներն ու հայկական պետականության ամորֆությունը։ Թուրքերի համար խաղաղությունը հայկական կողմի հրաժարումն է ցեղասպանությունից, կրկին՝ Զանգեզուրի միջանցքը, Հայաստանի տնտեսական կլանումը, հետագայում գուցե՝ միացումը կամ որոշ տարածքների զավթումը հակաահաբեկչական գործողությունների անվան տակ։ Ռուսների համար հայ-ադրբեջանական խաղաղությունը իր տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերի ամրապնդումն է տարածաշրջանում, ռազմական ներկայության խորացումն է Ադրբեջանում ու Հայաստանում, եվ Արևմուտքի դուրսվռնդումը՝ Հարավային Կովկասից։ Եվրոպայի ու Ամերիկայի խաղաղության պատկերացումներն էլ են տարբեր։
Ամերիկայի համար հայ-ադրբեջանական խաղաղությունը Ռուսաստանի թուլացումն է տարածաշրջանում, ռուսական զորքերի դուրսբերումն է Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից, և այս երեք պետությունների դեմոկրատիզացիան է, որի շնորհիվ ԱՄՆ-ը հնարավորություն կունենա իր ցանկալի հասարակարգային մոդելը ներդնել տարածաշրջանում ու թուլացնել ՌԴ համար կենսական նշանակության հարավային սահմանագծերը։ ԱՄՆ-ի համար հայ-ադրբեջանական խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի ուբյեկտայնության ամրապնդումն է, որով Երևանն ու Բաքուն իբրև ունակ կլինեն կայացնել Մոսկվայից անկախ որոշումներ, հետևապես՝ Մոսկվային անհարմար որոշումներ։ Անգամ իրանի համար է հայ-ադրբեջանական խաղաղությունը տարբեր, քան օրինակ՝ մեզ համար։ Այնպես որ, այս գործընթացը իրապես, բնավ էլ հեշտ չէ ու կարճաժամկետ հեռանկարում, ազնիվ լինենք, որևէ դրական բան սպասել չարժի։ Ամեն դեպքում, այն քանակ հայատյացությունը, որ քարոզվել է Ադրբեջանում շուրջ տասնամյակներ շարունակ, դեռ մի այդքան ժամանակ էլ պահանջելու է, որ ադրբեջանցիները փոխեն իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ ու մեզ գոնե չեզոք աչքով նայեն, էլ չեմ ասում՝ բարի աչքով։
Ադրբեջանում աճել է մի այնպիսի նոր սերունդ, որի համար հայը նույնականացվում է բացառապես թշնամու, ոսոխի ու այլ բացասական կատեգորիաների հետ։ Նոր տեսակի ադրբեջանցիների համար միակ հայը՝ մեռած հայն է։ Ադրբեջանցիները նույնքան մեծահոգի ու բարեսիրտ չեն, որքան մենք։ Նրանք նույնքան միամիտ չեն, քան հայերը, նրանք թուրքական մշակույթը ներառած ու այդ մշակույթը լավ մարսած, իրենց ազգ լինելը հաղթանակով ամրագրած նոր պետության քաղաքացիներ են, որոնք անհանդուրժող են մեր հանդեպ։ Սակայն ամեն բան կարող է փոխվել, եթե փոխվեն նախկին դերակատարները։ Հավանական է, որ Ալիևից հետո եկած իշխանությունները չվարեն նման քաղաքականություն, այլ իրականացնել ավելի լոյալ, հանդուրժող քաղաքականություն հայերի նկատմամբ, գոնե թե այնպիսին, ինչպիսին թուրքերն են վարում հիմա։ Վստահաբար որևէ հայ չի կարող նույնքան ազատ շրջել ադրբեջանում, որքան ազատ շրջում է Թուրքիայում։ Սա իհարկե թուրքերին ավելի լավը չի դարձնում, բայց չեզոքության ու հայատյացության տարբերությունը ցուցադրում է շատ հստակ։ Այսպես՝ կլինի՞ ու կարո՞ղ է լինել խաղաղություն։ Ավելի շատ հռետորական հարց է։ Ես չգիտեմ, թե իմ դուստրերը, որոնք կրում են իմ ու իրենց ազատամարտիկ պապի գեները ինչպե՞ս կվերաբերվեն թուրքերին ու ադրբեջանցիներին՝ դառնալով չափահաս։ Բայց փաստ է, որ հայկական որևէ ընտանիքում ընդունված չէ ներդնել եղբայրություն ու բարեկամություն թուրքերի կամ ադրբեջանցիների նկատմամբ։ Սերունդներ կանցնեն, երբ հարցը կլուծվի, այն էլ բացառապես այն դեպքում, երբ երկու կողմերի իշխանություններն իրապես դա ցանկանան։










































