Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնն անդրադարձել է Հայաստան-Իսրայել հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին.
Երկու երկրների հարաբերությունների հետ կապված՝ Այալոնը նշել է. «Նախ և առաջ, հույս ունեմ, որ թյուր է այն տպավորությունը, թե Հայաստանն ու Իսրայելը շահագրգռված չեն մերձեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Իսկապես, մենք կարծում ենք, որ մեր երկկողմ հարաբերություններում չկան բարդ խնդիրներ, սակայն այդ հարաբերություններին ամուր բովանդակություն տալու համար մեզ անհրաժեշտ է աշխատել հետևյալ ոլորտներում.
– նախ՝ բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ;
– երկրորդ` փոխանակումներ մշակութային և գիտական ոլորտներում;
– երրորդ` տնտեսական և բիզնես կապերի բարելավում:
Այս հերթականությունը պարտադիր չէ, սակայն այն դեպքում, երբ մենք դեսպան ունենք ձեր երկրում (թեև ոչ ռեզիդենտ), Հայաստանը չունի նմանատիպ ներկայացուցչություն Իսրայելում: Ակնհայտ է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանն էլ կարող էր շատ բան անել երկու պետությունների միջև հարաբերությունները մերձեցման ուղղությամբ:
Այս համատեքստում ուզում եմ հիշատակել ամենաբարձր մակարդակով հայաստանյան կողմից ներկայացված հարցը. ակնհայտ է, որ Հայաստանում ցանկանում են նախ և առաջ տեսնել Երևանում Իսրայելի մշտական դեսպանություն: Ես նախընտրում եմ հակառակ կարգը: Այլ խոսքերով, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը կհանգեցնի ավելի սերտ փոխգործակցության, իսկ այն, իր հերթին, կստեղծի հիմնական դեսպանատների ստեղծման անհրաժեշտություն: Երկու երկրների ոչ ռեզիդենտ դեսպանների համատեղ աշխատանքը ժամանակի ընթացքում կստեղծի երկու երկրներում հիմնական դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությունը:
2000 թվականին Հայաստանի նախագահի այցն իրականացվել էր Հազարամյակի նախօրեին Սուրբ Հող այցելած բազմաթիվ երկրների առաջնորդների այցերի շրջանակներում: Չնայած մենք չենք նվազեցնում այդ այցի կարևորությունը, սակայն այն տարբերվում է երկկողմ պետական այցելությունից: Իսրայելի բարձրաստիճան պետական անձանց կողմից Հայաստան այցելելու ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում»:
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Այալոնը նշել է. «Գաղտնիք չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանություններն ամենազգայուն հարցն է, և մենք՝ որպես հալածանքներից և սպանություններից տառապած ժողովուրդ, նույնպես շատ զգայուն ենք այս հարցում:
Այնուհանդերձ, այն ժամանակվանից, երբ այս հարցը դրվեց քաղաքական հարթության վրա, զգուշորեն գործելու անհրաժեշտություն է առաջանում: Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն «չենք ցանկանում այս հարցում առճակատման կողմ դառնալ» Հայաստանի և Թուրքայի միջև»:
Այալոնը, սակայն, հրաժարվել է հայաստանյան ԶԼՄ-ի հետ հարցազրույցի շրջանակներում շոշափել թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող ներկայիս իրավիճակը։











































