Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը Բաթումում մասնակցել է Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված «Ադրբեջան – պետական անկախության վերականգնման 20 տարին» խորագրով կոնֆերանսին, որում անդրադարձել է Հարավային Կովկասի հակամարտություններին.
«Դժբախտաբար, այսօր Ադրբեջանն ու Վրաստանը Լեռնային Ղարաբաղու, Հարավային Օսիայում ու Աբխազիայում բախվում են «էթնիկ անջատողականության» խնդրին։ Այդ հակամարտությունները «սանձազերծել» են արտաքին ուժերը, և մենք այսօր զգում ենք դրա դառը արդյունքները։
Այսօր Ադրբեջանն ունի այնքան նավթային պաշարներ, որոնք կբավականացնեն ևս 30-50 տարի և գազի պաշարներ, որոնք կբավականանցնեն ևս 120 տարի։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը նավթից ու գազից ստանում է 30-35 միլիարդ դոլարի շահույթ, դա մեծ հարստություն է՝ 100 տարվա կտրվածքով։ Դա բավական կլինի ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլև՝ ողջ Հարավային Կովկասի բնակչության կենսամակարդակի բարձրացման համար։
Իր բնական պաշարների գործածման մարտավարության հստակեցման ժամանակ Ադրբեջանը «մտածել» է ոչ միայն սեփական ժողովրդի շահերի մասին, այլև պայմաններ է ստեղծել վրացի և հայ ժողովուրդների կողմից այդ հարստություններից նպատակահարմար կերպ օգտվելու համար։ Իրենց բարեկեցության համար այդ նավթամթերքից կարող են օգտվել և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը։
Դրա համար բավական է միայն, որ նրանք աջակցեն Ադրբեջանի անկախ պետականությանը և ադրբեջանական պետությանը բարի ապագա մաղթեն։ Մենք պատրաստ ենք համագործակցել։
Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, ուր մեկ ժողովրդի երջանկությունն ու բարեկեցությունը չի կարող կառուցվել մյուսի դժբախտության վրա։ Մեկ ժողովրդի բարձր զարգացվածությունը և մյուս ժողովրդի՝ ծանր պայմաններում բնակվելը շատ դժվար է Հարավային Կովկասի համար։
Եթե տարածաշրջանում չլուծվեն էթնիկ հակամարտությունները, ապա Հարավային Կովկասի միասնության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հարավային Կովկասի զարգացման ապահովման համար հայերը «պետք է» հրաժարվեն անջատողական պահանջներից։ Հարավային Կովկասում այլ հակամարտություններ ստեղծող ուժերը պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից, և Հարավային Կովկասի ժողովուրդները պետք է ապահովեն իրենց ապագան»։
Հասանովը «տեղեկացրել» է, թե 1918-1920 թվականներին «մեծ սիրտ ունեցող» ադրբեջանցիներն օգնության ձեռք են մեկնել իրենց հայ հարևաններին՝ վերջիններիս «նվիրելով Իրևանի խանության» տարածքը և «հնարավորություն տալով» այնտեղ սեփական պետության ստեղծման համար (հետաքրքիր է, թե ներկայումս ո՞ւր է կորել նրանց «մեծ սիրտը» Լեռնային Ղարաբաղի հարցում նույնպիսի «բարեսիրտ» վերաբերմունք ցույց տալու համար – 1in.am)։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե ադրբեջանական գազն իրենց և գնորդներին կբավարարի «ևս 100 տարի»։
Իսկ մայիսի կեսերին բրիտանական The Economist պարբերականը գրել էր. «Նավթային եկամուտները կազմում են Ադրբեջանի ՀՆԱ-ի 55 տոկոսը, սակայն դա չի կարող հավերժ տևել: Նավթի արտադրությունն Ադրբեջանում հասել է առավելագույն մակարդակի: Որոշ գնահատականներով, Ադրբեջանի նավթային պաշարները սպառվելու են 2028 թվականին»:











































