ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են ռեգիոնալ անվտանգության հետ կապված հարցեր: Շոյգուի հեռախոսազանգը հաջորդում է օգոստոսի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի մասին հայտարարություն տարածեց Արցախի ՊԲ-ն: Ադրբեջանը հերքեց, թե կրակել է կամ ռազմական գործողություն իրականացրել Արցախի շփմման գծի և դիրքերի ուղղությամբ: Ռուս խաղաղապահները լռեցին միջադեպի մասին, չարձանագրելով իրենց ամփոփագրերում:
Օգոստոսի 1-ից հետո իրադրության լարվածության աճ չի գրանցվել, կայունությունը պահպանվել է, սակայն պահպանվել է նաև լարվածությունը, ինչպես հայտնում էր պաշտոնական Ստեփանակերտը, նշելով, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ աշխատում են իրադրությունը լիցքաթափելու ուղղությամբ: Եվ ահա, հաջորդում է Շոյգուի հեռախոսազանգը Հասանովին: Քննարկման մանրամասներ հայտնի չեն և բարդ է ասել՝ Շոյգուն Հասանովին զգուշացրել է չշարունակել սադրանքները՞, թե՞ Բաքուն հասել է իր նպատակին և ռուսական կողմի զանգը կօգտագործի գործարք առաջարկելու համար: Իրադրությունն իրապես բարդ է և օգոստոսի 1-ին տեղի ունեցած զարգացումները միարժեք գնահատելու հիմքերը թերևս բավարար չեն: Անկասկած է, որ Ադրբեջանի համար շանտաժը գործիք է, միևնույն ժամանակ սակայն այդուհանդերձ բավականին տարօրինակ էր, որ Բաքուն շտապեց հերքել՝ թե կրակել է: Ընդ որում, այստեղ տոնայնության որոշակի զուգահեռ է հնարավոր տանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետ, երբ հայտնի համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ տեղեկություն եղավ, որ Նախիջևանի կողմից Ադրբեջանը խոցել է իր դիրքերին շատ մոտ թռչող՝ ռուսական 102 ռազմակայանի շարասյունն ուղեկցող ռուսական ուղղաթիռը: Ադրբեջանը դրանից հետո անմիջապես շտապեց ներողություն խնդրել կատարվածի համար, իսկ մի քանի ժամ անց եղավ պատերազմը կանգնեցնելու եռակողմ հայտարարությունն ու ռուս խաղաղապահների տեղակայումը:
Իրավիճակների և դեպքերի ընթացքն ու հանգամանքները, նաև ժամանակը, իրադրությունը բոլորովին համեմատելի չեն, սակայն որոշակի տրամաբանությունը նկատելի է՝ Բաքուն անում է մի քայլ, որից հետո անմիջապես շտապում է «մեղա» գալ: Ի դեպ, հարկ է նկատել, որ Ադրբեջանում առ այսօր որևէ մեկը պատասխանատվություն չի կրել ռուսական ուղղաթիռը խոցելու համար, իսյկ Մոսկվան այդ հարցը չի դրել Բաքվի առաջ, գուցե «պահելով» այսպես ասած «սև օրվա» համար, եթե Ադրբեջանը դրսևորի վարքագիծ, որը խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Իսկ իրադրության ապակայունացումը Մոսկվայի համար անկասկած խնդիր է, սակայն այստեղ ամբողջ հարցը, ինչպես նաև Երևանի համար առանցքային խնդիրն այն է, թե ինչպես է տեսնում Մոսկվան այդ խնդրի լուծումը՝ Բաքվին մտրակելո՞վ, թե՞ կարկանդակ տալով, որը լինում է հայկական շահերից «թխված»: Այդ իմաստով թերևս հետաքրքիր է նաև այն, որ Շոյգուի Բաքու զանգին զուգահեռ, Պուտինն ու Լավրովը խոսել են Երևանի՝ համապատասխանաբար Փաշինյանի և Միրզոյանի հետ, թերևս որոշակի հավաստիացումներ անելու համար: Ուշագրավ է այն, որ Շոյգուի Բաքու, իսկ Պուտինի և Լավրովի Երևան զանգերից հետո ռուս խաղաղապահների ամփոփագրում հայտնվեց օգոստոսի 1-ին Ադրբեջանի հրադադարի խախտման մասին արձանագրումը










































