ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում ՄԻՊ-ԿԳՆ հեռակա բանավեճում դատավորի դերում հանդես գալ և նշել, թե ով է ճիշտ և ով՝ սխալ:
«Ես անթույլատրելի եմ համարում այն տոնայնությունը, որի մեջ մտել է այդ բանավեճը: Կարծում եմ՝ երկուսն էլ երիտասարդ պետական գործիչներ են և պետք է գտնեն մարդու արժանապատվությանը չկպնող և չնսեմացնող տոնայնություն»,- կարծիք հայտնեց Ալավերդյանը:
Այդուամենայնիվ, Ալավերդյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանն իրավունք ունի առաջարկելու շտկել արձանագրված խախտումը: Ալավերդյանը նկատեց, որ կարդալով պաշտպանի առաջին հայտարարությունը՝ ինքը կարծում է, որ Կարեն Անդրեասյանն ընդամենը առաջարկ է ներկայացրել. «Առաջարկությունն, ըստ մարդու իրավունքների պաշտպանին և նրա հաստատությանը վերաբերող մեր օրենքի և միջազգային նորմերի, պետք է քննարկվի, և անմիջապես, առանց որևէ մի փորձի աշխատանքային ռեժիմով հարցերը պարզելու, այս ամենը հրապարակային դարձնելը ճիշտ չէ»:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նման իրավիճակում հարցերը պետք է աշխատանքային ռեժիմով քննարկել: Նրա գնահատմամբ՝ ՄԻՊ-ի հետ խոսելու իշխանության տոնայնությունը ավանդաբար «ծանր տանելի է և անթույլատրելի», բայց նույնիսկ այդ պայմաններում պետք է նստել և հարցը քննարկել:










































