«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
Պարոն Օհանջանյան, Տիգրան Գրիգորյանն ասում է, որ այն փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը Դավիթ Բաբայանն է, ինքնին մեծագույն խնդիր է Արցախի համար, քանի որ նա պրոֆեսիոնալ դաշտում չի գործում և առհասարակ Ստեփանակերտի և Երևանի միջև հարաբերություններ հաստատելու գործում նույնպես խնդիր է առաջանում: Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արցախի ԱԳ մակարդակում շփումները:
Ես կտրականապես համաձայն չեմ Տիգրան Գրիգորյանի պնդման հետ, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ինքնին խնդիր է երկրի համար, քանի որ չի գործում պրոֆեսիոնալ դաշտում: Դավիթ Բաբայանը ունի դիվանագիտական ոլորտում աշխատանքի մեծ փորձ և իր քաղաքական կարիերան սկսել է որպես դիվանագետ: Այն, որ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև չկա այս իրավիճակում այդքան անհրաժեշտ համագործակցության բարձր մակարդակ, պատճառը պետք է փնտրել Հայաստանի ղեկավարության մեջ, որը ձգտում է պրակտիկորեն սահմանափակել իր փոխգործակցությունը Լեռնային Ղարաբաղի համապատասխան կառույցների հետ: 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ է Հայաստանի և Արցախի ղեկավարությունների փոխգործակցության մակարդակի նվազումը, և այդտեղ չկա ոչ Արցախի ԱԳՆ-ի, ոչ մեր երկրի քաղաքական ղեկավարության մեղքը: Մենք պետք է անկեղծ լինենք, երբ խոսում ենք նման բներից. Այսօր Արցախի ժողովրդի և Հայաստանի քաղաքական ղեկավարության օրակարգերը տարբեր են: Դա առաջին հերթին վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս:
Ընդհանրապես ինչպիսի՞ն է համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի միջև ռազմաքաղաքական ոլորտում: Արդյոք վերջին շրջանում դրական իմաստով որոշակի փոփոխություն կա այդ շփումներում:
Մեր ժողովրդի հայտնի արձագանքից հետո, որն իր համերաշխությունը հայտնեց Արցախի ղեկավարության դիրքորոշմանը, երբ վերջինս մերժեց «Լեռնային Ղրաբաղի ապագա կարգավիճակի նշաձողն իջեցնելու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ոչ տեղին առաջարկը, իրավիճակը որոշակիորեն հավասարակշռվել է փոխըմբռնման և ընդհանուր ջանքերով հայ ժողովրդի շահերը պաշտպանելու կողմը: Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է կառուցվի Լեռնային Ղարաբաղի հաշվին: Կրկնում եմ՝ մենք երբեք չենք ընդունի Հայաստանի և իր նախկին թշնամիների միջև բանակցությունների և պայմանավորվածությունների պայմանները, որոնք որևէ կերպ կնվազեցնեն մեր քաղաքական անկախության աստիճանը: Դա վերաբերում է նաև Հայաստանին:
Պարոն Օհանջանյան, ամենայն հավանականությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն օգոստոսին Բրյուսելում: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:
Նմանատիպ հանդիպումները, առավելևս Ռուսաստանի ազդեցության ոլորտների համար, հիմնականում կրում են արձանագրային բնույթ, ոչ ավելին: Այսօր ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ձեռնարկում ոչ մի լուրջ քայլ, որոնք կարող են նվազեցնել Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ-ի համար հակամարտության հետագա քաղաքական կարգավորման հարցում: Այնպես որ ես չեմ սպասում բեկումնային համաձայնություններ, բացի հռչակագրայինից, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները երկկողմ հարաբերությունների նորմալացման համար խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում:







































