Սաուդյան Արաբիայի արքայազն Բեն Սալմանը այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետի հետ, իսկ այցի ընթացքում կայացել է երկու երկրների միջև ռազմավարական գործակցության Խորհրդի ստեղծման համաձայնությունը: Սաուդյան Արաբիան նկատելիորեն ավելացնում է իր միջազգային դերակատարումը, անկասկած փորձելով այդ խնդիրրը առավելագույն արդյունավետությամբ լուծել ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների, փլուզվող և վերստեղծվող աշխարհակարգերի «բախման կետում»: Էր Ռիյադը ձգտում է ամրացնել ոչ միայն իր ռեգիոնալ դերը, այլ փաստացի էական քայլեր անել միջերկրծովյան ռեգիոնի ուղղությամբ: Այդ իմաստով ուշադրության է արժանի Սաուդյան արքայազնի այցը ոչ միայն Հունաստան, այլ այդ շղթայում նաև Ֆրանսիա այցելությունը: Հունաստան, Ֆրանսիա, երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի բավականին ջերմ ու առանձնահատուկ հարաբերություն, մի շարք առումներով: Այդ հանգամանքը անշուշտ ստեղծում է Սաուդյան Արաբիայի միջազգային դերակատարմանն ուղղված սաուդական քաղաքականության հանդեպ ուշադրության լրացուցիչ «հիմք»: Հայտնի է, որ Երևանն ու Էր Ռիյադը չունեն դիվանագիտական հարաբերություն, ինչի պատճառը արցախյան հարցն ու հայ-ադրբեջանական հակամարտությունն էր: Վերջին տասնամյակում ձևավորվեց ղեկավարների մակարդակում միմյանց շնորհավորելու «ավանդույթը»: 2018 թվականի հունիսին՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, Մոսկվայում նույն «ֆուտբոլային սեղանի» շուրջ հայտնվեցին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՍԱ արքայազն բեն Սալմանը: Իհարկե դա ընդամենը շփում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպման «կուլիսներում»:
Հայ-սաուդական առաջին այսպես ասած պաշտոնական շփումը՝ աշխատանքային այցի շրջանակում, տեղի ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: 2021-ի աշնանը նա աշխատանքային այցով ժամանեց Էր Ռիյադ, որտեղ մասնակցեց միջազգային համաժողովի: Դա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր ՍԱ: Իհարկե կարճ ժամանակ անց եղավ Արմեն Սարգսյանի հրաժարականը, բայց Հայաստան-ՍԱ շփումը շարունակվեց: Առայժմ արտգործնախարարների մակարդակով: 2022-ի փետրվարին Մյունխենի անվտանգության միջազգային ամենամյա համաժողովի շրջանակում եղավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ շաբաթներ առաջ էլ տեղի ունեցավ նրանց հեռախոսազրույցը: Այդուհանդերձ, այդ շփումների ողջունելիությամբ հանդերձ, առանցքային հարցն այն է թերևս, թե երբ կարող է լինել հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատումը, և արդյո՞ք հնարավոր է հայ-սաուդական հաջորդ շփումը «համալրել» այդպիսի օրակարգով: Դրա նշանակությունը իհարկե պետք չէ գերագնահատել, բայց միևնույն ժամանակ մեղմ ասած պետք չէ թերագնահատել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերության հաստատման և երկկողմ գործակցության սերտացման թե տնտեսական, թե ընդհուպ ռազմա-քաղաքական կարևրությունը: Հատկապես ՍԱ միջազգային դերակատարության աճման նկատելի միտումների ֆոնին: Այդ իմաստով, Հունաստանի և Ֆրանսիայի հետ ՍԱ հարաբերության խորացումը կարող է լրացուցիչ հնարավորություն լինել նաև Հայաստանի համար: Հայ-հունական և հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունը կարող է լինել հայ-սաուդական հարաբերության ուղղությամբ առաջընթացի միջնորդավորված հնարավորություն, այդ կերպ նաև իր հերթին նոր իմաստ հաղորդելով թե Հունաստանի, թե Ֆրանսիայի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությանը:











































